Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/37

Այս էջը սրբագրված է

գտնվեր, անուշ բերած կամ ջուր տված միջոցին։ Եվ, դեպի դուռ դարձած՝ սենյակեն դուրս ելլելուն, ամեն աչքերը իր վրա էին, իր հաղթ ու գեղեցկաշեն մարմնին վրա որուն լեցուն գիծերը, իր քալվածքին համեմատ հազիվ թե նշմարելի շարժումով մը կը խաղային: Մինչև անգամ իր հագուստը ու կապուստը, շինականի և սպասուհիի պարզությամբ, և թերևս ատոր համար, հրապուրիչ բան մը ուներ։

Այս ձգողության՝ Ղազար աղային տղան չդիմացավ երկար ատեն։

Մարմնեղ ու տարփասեր երիտասարդ մըն էր, հորը պես իր բոլոր իղձերը թաքուն պահելու սորված ու, ատոր համար, ա՛լ ավելի ինքնզինքը զսպելու անկարող, երբոր դիպվածով մինակ մնար սպասուհիին հետ։

Իր ծանր գլուխ տղու համբավին հակառակ, շուտով սկսավ կատակներ ընել Տիգրանուհիին հետ, փորձի ենթարկելով զայն, ջանալով հասկնալ դիմացինին ընդդիմության ուժը։ Երբեմն, իբրև թե անզգուշությամբ, անոր մարմնին կը դպեր, ձեռքը բռնել կ՚ուզեր։ Այն ատեն, Տիգրանուհին հասկցավ անոր միտքը ու ետ քաշվեցավ, առանց խուճապի, այն վախկոտներուն պես որոնք ծանր ծանր քալելով կը նահանջեն, շինծու քաջությամբ և անփութությամբ մը ծածկելով իրենց ներսիդիի դողը, դիմացինին հարձակումը չփութացնելու նպատակով։

Անկե վերջը երիտասարդը բացե ի բաց իր պահանջումները պարզեց անոր, այնքան ավելի բռնանալով, որքան վեց ամիսե ի վեր տևող մերժումները զինքը ամեն ծայրահեղությանց տանելու աստիճանին հասցուցեր էին: Առտու, իրիկուն, գիշեր, աչքկապուկի կամ պահվըտուքի պես բան մըն էր տանը մեջ. սենյակե սենյակ, անկյունե անկյուն հալածանք մը, որուն մեջ աղախինը, պարտավորված անոր մոտ գալու ամեն անգամ որ խըզմեթ մը ապսպրեր իրեն, ինչ ընելիքը չէր գիտեր:

Վերջապես, հուսահատած, օրին մեկը հանըմին գնաց ամեն բան խոստովանելու։ Սուրբ ու առաքինի կին էր իր հանըմը, որուն գովեստը կ՚ըներ քարոզիչ սրբազանը շատ