Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/370

Այս էջը սրբագրված է

սրտի մը բոլոր անձնվիրությամբն ու բոլոր խանդաղատանոքը կը շրջապատեին զինք։

Ցանկությունն ու սերն ախոյան կը կանգնեին իրարու դեմ: Մոր և զավկի միմյանց ոսոխ ըլլալեն ավելի ի՞նչ դառն ու կսկծալի բան կա: Տոքթոր Տիլպերյանի համար այս գիրքն իր հատուկ հաճույքն ուներ: Մորը կը ցանկար, աղջիկեն կ՚ախորժեր ու ամուսնեն կը վճարվեր: Այս էր հաշվեկշիռն իր պժգալի պարզությամբ։

Երանիկ միայն դժբախտ կը մնար ամենուն մեջ: Իր անմեղ սիրտը կըմբոստանար: Անմեղությունն հավիտյան բողոքող ու ապստամբող պիտի մնա, Հիմա մանկութենե, պատանութենե անցած կին ու կատարյալ կին եղած էր, և իր խռովյալ երևակայության մեջ, մայրը չէր տեսներ իր դեմ, այլ անողոք ոսոխուհի մը որ իր պաշտած միակ անձն իր ձեռքեն հափշտակելու կը ճգներ: Երանիկ անհանդուրժելի կը գտներ այս ընթացքն. երբեմն տոքթորն ալ հանցավոր կը դատեր իր երկդիմի վարմանցը համար. իր սրտին խորն ո՜րքան գեղեցիկ հատկություններով, ո՜րքան վեհանձնությամբ ու անկեղծությամբ օժտեր էր անոր պատկերն և իրականության մեջ ի՜նչ մեծ տարբերություն այդ պատկերեն, իր կիսաստվածն՝ երթալով պարզ մահկանացուներու վատթարագույնը կը թվեր: Տրտում ու տխուր էր հիմա, սերն՝ իր բոլոր պատրանքներովը, կսկիծներովը կը ծանոթանար իրեն։ Քաջություն և տոկունություն չուներ հուսահատության ժամերու դեմ. առջի հարվածեն, առջի բախումեն, իր դյուրաբեկ սիրտը փշրեր ու ավերակ դարձեր էր:

Եվ սակայն այդ կործանյալ խորանին մեջ, առաջին սիրով նվիրագործյալ պատկերը, տոքթոր Տիլպերյանի պատկերը կը մնար կանգուն, զոր Երանիկ տոքթորին դեմ զայրանալով հանդերձ անգիտությամբ կը պաշտեր դեռ։

Իսկ ընդհանուրին մեջ ի՞նչ աղտոտ չարախոսություններ տարածվեր էին և իր անբիծ անունը նշավակ դարձուցեր ամեն գռեհիկ զրույցներու։ Բամբասանքը կանանց բերնին մեջ ձյունի մեջ թավալող գնդակի մը կը նմանի. շարունակ գլորելով կ՚ստվարանա։