Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/371

Այս էջը սրբագրված է

Այս չարախոսներու մեջ ամենեն անխիղճն Երանիկի հորեղբարց ընտանիքն էր որ քու ու կեղծավոր կարեկցության մը դիմակին տակ կը ծավալեր ամեն զրպարտությունները: Սկիզբեն ի վեր Հակոբ աղային իրենց մասին ցույց տված անտարբերությունն ու արհամարհանքը նախատալից թված էր իրենց։ Հարուստները միշտ պիտի փափագին որ ամեն ոք կարոտ ու աղաչավոր դիրք մ՚ունենա իրենց քով։ Տոքթորին Երանիկին հետ ամուսնության լուրն՝ իրենց սրտմտոթյան չափը լեցուց: Իրենք ալ աղջիկ մը ունեին, այն՝ զոր Պողոս ամիրան չէր կրցած երբեք սիրել. քսաներկու տարեկան կար այս օրիորդն և հազիվ տասնևյոթը տարու կ՚երևեր, իր մեծ ու անհեթեթ գլխով, գեղեցիկ ու առատ մազերով, բարակ ու չորուկ հասակովը սաղարթավոր աքասիայի մը կը նմաներ. հպարտ էր ինչպես պարտ էր լինել ամեն հարուստի աղջիկ որ տղա հասակեն ամբարտավան հոր մը հոռի կրթությունը կ՚ստանա. գիտեր որ էրիկ մը պիտի առներ ճիշտ ինչպես սպասավոր մը կ՚առնեն. հարուստ չէ՞ր միթե: Կենաց պայքարին մեջ ոտք չի կոխող այս աղջիկը՝ ամենեն քաջ տեղյակ էր դրամին ամեն առաքինություն փոխարինելու կարողությանն: Ոչ ոք կը մերձենար սակայն իր ահագին գլխուն ու առատ ոսկիներուն, երիտասարդ գրագիր մը, սնանկանալու մոտ վաճառական մը, հարուստ բայց ծերունի կալվածատեր մը, այս կերպ էին յուր հրապույրներուն զարնվողները, և օրիորդ Ագապի ահավասիկ վեց, ճիշտ վեց տարիե ի վեր էր որ կ՚սպասեր անհամբեր և ուզածը չէր գտած դեռ։

Այս աղջիկն իր լեցուն օժիտով ավելի աղեկ կը վայլեր տոքթորին քան թե Երանիկ իր բոլոր գեղեցկությամբը, այսպես մտածեցին իր ծնողքն և հարուստներու հատուկ լրբությամբ ամեն պատշաճություն արհամարհելով որոշեցին տոքթորին առաջարկել իրենց աղջիկը։

Գարնան սկիզբներն Երանիկ երջանիկ եղավ հիվանդ ըլլալով. բավական ատենե ի վեր ուրիշ հույս կամ փափագ չէր տածեր, անկողին իյնալու չափ հիվանդ ըլլալ՝ այս էր իր միակ ակնկալությունը։ Քիչ մ՚ատենե ի վեր պզտիկ նեղություն մը