Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/373

Այս էջը սրբագրված է

արագ քայլերով, քրտինքն և հազն օր օրե կ՚ավելնային։

Ժամ ութեն կ՚սկսեր տենդն երեսի կարմրությամբ մը որ վերջալույսի շառագունության պես տխուր ու հրապուրիչ էր. հիվանդին երկար ու ոսկեգիսակ մազերն, անխնամ կերպով ցրված բարձին վրա, առավել ևս կը շեշտեին դեմքի դեղնագույն դալկությունն ու տանթելներով զարդարուն շապկեն երևցող լանջքին աննման սպիտակությունը։

Շատ նիհարած էր, բարակ ու վտիտ մատունքը կարծես թափանցիկ դարձեր էին. աչերն, այն հրուտ աչերը, մարեր, նվաղեր էին. և վերմակին բացվածքեն կը տեսնվեր որ անոր քնքույշ ու ձյունաթույր ուսեն ոսկորը միայն մնացեր էր մորթին տակ։ Հալեր ու մաշեր էր մեկ բառով և երակներն իրենց կապույտ ուղիներով մի առ մի կը համրվեին հիվանդին դողդոջուն բազկին վրա։

Սկիզբները մահացու կարծելե հեռի էր զինքը տանջող անիմանալի ցավը, բայց այժմ որ հազին սաստկության մեջ թուքը բոսորագույն կը ներկվեր թաշկինակին վրա, ա՛լ չէր խաբեր ինքզինքն և անողոք ախտը կը ճանչցվեր անբույժ ու անդարման։

Այն ատեն տոքթորին այցելությունները բոլորովին անհրաժեշտ եղան իրեն համար. մերձակա մահվան գալուստեն քաջալերյալ, ավելի համարձակություն մը ստացավ իբրև թե. պատշաճությունները իրեն համար, օրհասական հիվանդին համար չէին, հո՜գը թե որ մեռնելեն վերջն ալ չարախոսեին յուր վրա։

Հայրն ու մայրն ալ բոլորովին գժտեր էին իրարու հետ. աղջիկնին մինչև աստիճան մը միության գիծ մը եղած էր այս երկու ներհակ բնավորությանց մեջ, Սոֆիկ հանըմ իր անձնական ցավին ու հիվանդությանը զբաղած՝ ժամանակ չուներ Երանիկը խնամելու. առտու և երեկո միայն կուգար անոր սենյակն որպիսությունը հարցնելու և հետը քիչ մը խոսակցելու համար:

Հայրը միայն, հայրական սիրւ հուսահատ համառությամբը, գիշերն ի բուն կը հսկեր, դեղերը կուտար, քրտինքը կը սրբեր հիվանդին, նամանավանդ սիրտ ու քաջություն տալ