Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/374

Այս էջը սրբագրված է

կ՚ուզեր անոր, երբ թշվառն ինք ա՜յնքան պետք ուներ քաջալերաւթյան խոսքերու։

Իր հայրական ծածկատես հոգածությամբը դյուրավ նշմարեր էր որ իր զավակն հափշտակող հիվանդութենեն ավելի անհուն ու դժբախտ սեր մը կար որ կ՚սպառեր անոր սիրտն: Ու վիրավորյալ առյուծի մը պես դեռ կ՚ուզեր մաքառիլ անծանոթ ու ծանոթ այս թշնամվույն դեմ. բժիշկը չբերել կը մտածեր պահ մը և կը վախնար որ զավկին մահը փութացուցած չըլլա։

Առավոտ մը որոշյալ ժամին՝ տոքթորը չերևցավ. ժամը մը, երկու ժամ սպասեցին, երբեք իր խոստման մեջ թերացած չէր. բացառիկ արգելք մը կար անշուշտ։

Հետևյալ օրը լուր ղրկեցին բժշկին տունը, դուրս ելած էր ու Պյոյուքտերե Զարֆճյաններուն գացած էր այցելության, այն օրն ալ մինչև երեկո սպասեցին, հետևյալ օրը դարձյալ չեկավ, հիվանդը ձայն չէր հաներ, բայց տարաբախտ հայրն անոր թաշկինակն արցունքներով թրջած կը գտներ բարձին տակեն:

Ի՞նչ պատճառ կար չի գալու համար, գրեթե երկու տարին ի վեր փոխանակագիր մը հատուցանելե ավելի ճշտությամբ վճարված էին անոր այցեգիները. տանը բժիշկն էր այս մարդն և այս հուսահատական վայրկյանին իր զավակը լքանելն Հակոբ աղայի աչքին սարսափելի ու վայրենի ոճիր մը թվեցավ:

Ինք անձամբ գնաց աղաչելու որ գա եթե ոչ փրկելու գեթ սփոփելու համար հիվանդը. բժիշկը մերժեց։

— Խղճիս կը դպչի ձեր ստակը առնուլ, պատասխանեց տոքթորը. ես անոնցմե չեմ որ միայն ստակ առնելու համար հիվանդները կը փնտրեն. ի՞նչ օգուտ, ամեն ջանք ի գործ դրի, բայց հիվանդությունն անդարմանելի է, հազիվ շաբաթ մը կյանք ունի...

Հակոբ աղան խույս տվավ ավելին չի լսելու համար այս անողորմ գուշակոլթյուններեն։ Տոքթորը արդեն առջի վայրկյանեն ամեն կողմ իմացուցեր էր Երանիկի հիվանդությունն իր բոլոր պարագաներովն որպեսզի ապագային իրեն հանցանք մը չի վերագրվի, բժշկական գաղտնապահությունն իր