Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/375

Այս էջը սրբագրված է

համբավին պահանջումներեն վերջը կուգար. արդեն երբեք այդ գաղտնապահության չէր կրցեր վարժեցնել յուր շատախոս լեզուն։

— Գիտեի որ չի պիտի գար, մրմնջեց հիվանդն երբ տեսավ որ միայնակ կը վերադառնար իր հայրը։

— Ո՛չ, ո՛չ, պիտի գա, բայց քիչ մը զբաղյալ էր:

— Մի՛ խաբեր զիս, անուշիկ հայրս, գիտեմ որ չի պիտի գա, բժիշկները հիվանդաց մահվան մոտ օրերը գալ չեն ուզեր, վատե՜ր, որ ճիշտ վտանգի ժամուն կը փախչին։

Երանիկի վերջին օրերը անցան ամեն ճգնաժամի օրերու պես շփոթությամբ, հուսահատությամբ և արցունքով խառնված։

Ինչ որ ալ ըրին, հիվանդն ա՛լ ուրիշ բժիշկ չընդունեց իր քով։

Հայտնի է որ այս ցավագին տառապանաց վերջը մերձեցած էր. հայրն անկողնույն մոտն էր ու հիվանդին հրավառ ու նիհար ձեռքն իր ձեռաց մեջ էր մինչև վերջը։

Երանիկ չէր խոսեր. բայց հորը անսահման խնամոցը փոխարեն երբեմն անոր ձեռքը կը քաշեր իրեն ու կը համբուրեր, լռին ու գերագույն շնորհակալություն մ՚էր ու թերևս վերջին հրաժեշտ մը. հայրն ա՛լ չէր վրդովեր անոր հանգիստը, առջի բառեն կը վախնար որ հեծկլտանքն իր ձայնը խեղդեին, արդեն հազիվ կարող էր ծածկել իր արտասվելն կարմրած ու ուեցած աչքերը։

Դ.

Ամիս մր վերջը տոքթոր Տիլպերյանի նշանտվության լուրը նորեն տարածվեցավ օրիորդ Զարֆճյանի մը հետ։ Տասն օր առաջ պարզ ու անշուք կերպով թաղեր էին Երանիկը Շիշլիի ազգային գերեզմանատան մեջ ու բժիշկն հիմա աքասիայի ծառին հետ պիտի ամուսնանար։

Այսպես տոքթորը կը շարունակեր Պոլսո կանանց մեջ յուր այրական թեկնածուի պաշտոնը, ո՛ր մեկեն ակնկալելով, ո՛ր մեկին խոստանալով ամուսնությունը: