Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/376

Այս էջը սրբագրված է

Ամեն տեղ կը հաջողեր կանանց հավիտյան հաճելի մնացող այս հնարքը:

Երիտասարդ ու հարուստ այրիներ, հասուն աղջիկներ, էրիկնուն դժգոհ ամուսիններ, կիներ ու կինե՜ր վերջապես, իրենց հիվանդության պատմություններովը, իրենց կարոտակեզ պահանջումներովը՝ խորհրդակցության պճնազարդ ու գաղտնապահ սենյակը կը լեցնեին։

Իր Պոլիս գալեն ի վեր արգանդի ու ջղային հիվանդությունները տարօրինակ կերպով բազմապատկված կը թվեին, կը վճարեին ու կը վճարեին հիվանդներն այս բժշկին, ոմանք իրենց կյանքովը, ոմանք իրենց ստակովը, ոմանք իրենց պատիվովը կը վճարեին այս երիտասարդին բժշկությունն ու այս բժշկին երիտասարդությունը։

Անոր այցելած ընտանեկան հարկերը կը կործանեին. կային ալ որ, Հակոբիկ աղային տան պես, սիրեցյալ անձի մը կորուստով ավերակ ու սգավոր կը մնային։

Մահվան, անպատվության ու դժբախտության հով մը կ՚ընկերանար այս տարփածու բժշկին ամենուրեք ուր մտներ ելներ։

Տոքթոր Տիլպերյան կատարելապես հաջողեր էր, ինչպես կորսվի աշխարհային լեզվով, օրը չորս հինգ ոսկի կը վաստկեր հիմա. Սողոմոն աղան կրնար գերեզմանեն ելնել յուր արդվույն ավերիչ ու շահավոր արվեստին վրա հպարտանալու համար։

<1888>