Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/377

Այս էջը սրբագրված է
ՆԵՐՍԵՍ

Ա.

Զենկելքյոյի նավամատույցին քովեն ասիական եզերքը դեպի հյուսիս հետզհետե ծովուն մեջ կը մխվի ու փոքրիկ հրվանդան մը կը ձևացնե հոն. Քուլելին է որ այդ բարձանց վրա գտնվող աշտարակեն ստացած է իր անունը։

Վոսփորի ծովեզերքին վրա ծանոթ գյուղերեն չէ, այլ քանի մը աղքատիկ տնակներե բաղկացյալ զառիվեր օդավետ թաղ մ՚է, որուն մոտ կը տարածվի Քուլելի հիվանդանոցն իր զինվորական ուղղագիծ ճարտարապետությամբ։

Աղքատ ձկնորսներ և օրով սպասավորության գացող խեղճ կիներ կը բնակին հոն։

Ահա այդ ողորմելի տնակներեն միույն մեջ կը նստեր հայ նավավարի մը այրին իր մեկ զավակով։

Տասը տարի առաջ Քում Քափուի հրդեհեն փախստական՝ հոս եկեր մնացեր էին. էրիկը՝ ծովերուն վրա վարած իր տաժանելի կյանքին բոլոր խնայողությունը՝ իր տունն ու գույքը, այս կրակին տալով, աղքատացել էր, առանց կարենալ վարժվելու այս անհավատալի ձախորդության: Առջի անվախ ու հանդուգն նավավարը չէր մնացեր. կարծես թե զինքը կործանող հրդեհին թանձր մուխն իր հոգին և իմացականությունն