Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/38

Այս էջը սրբագրված է

անգամ եկեղեցվո բեմեն։ Ու իրեն պաշտպան մը գտնելու առաջադրությամբ, ցորեկ մը իր հանըմին հես մինակ մնացած մեկ ատենին, վարանելով կարմրելով ամեն բան հասկըցուց անոր։

Սուրբիկ հանըմ զարմացավ, չհավտաց նախ ասանկ բանի մը գոյությանը, թերևս Տիգրանուհին սխալած էր։ Հետո ըսավ որ իրիկունը իր տղուն հետ պիտի խոսեր, բայց ավելցուց ժպտելով որ այս բոլոր պատահածին հանցանքը Տիգրանուհիին գեղեցկությանն էր։

— Աղեկ սիրտ ունի տղաս, բայց էրիկմարդ է, դուն ալ այնքան աղվոր ես որ չեմ զարմանար զքեզ սիրելուն։ Մարդ քեզի չի կրնալ դիմանալ։

Հաճի Տյուրիկ, որուն Տիգրանուհին հայտնած էր իր վիճակը, խնդաց իր վրան։

Օղու՛լ ըսավ անոր, էֆենտիիդ տղան կը սիրե կոր քեզի, ա՛լ ի՞նչ կ՚ուզես։

Տիգրանուհին քիչ մը ատեն ալ շարունակեց պաշտպանել ինքզինքը անոր ձեռնարկություններուն դեմ, բայց կամաց կամաց վարժվեցավ սիրո խոսքեր լսելու անկե։ Հանըմը այդ միջոցին շատ շատ պարգև կուտար իրեն. ամսականին մոտ գումար մըն ալ ասանկով կ՚առներ, Տիգրանուհին կը խոստովաներ ինքնիրենը որ ասիկա միմիայն իր աշխատությանը համար չէր։ Հետո, բոլոր այս հետապնդումներուն, հալածանքներուն մեջ իր արյունն ալ կ՚եռար, դող կ՚ելլեր ու կը սկսեր ինքն ալ փոխադարձ հաճույք մը զգալ այդ ամենեն։ Փախչիլ կը ձևացներ, բայց կը ձևացներ միայն ու կը ժպտեր։

Գիշեր մը Տիգրանուհին իր սենյակին մեջ գտավ իր երիտասարդ էֆենտին, պոռալ ուզեց, բայց վախցավ ձայն հանելու, աղաչեց։

— Ոտքդ պագնեմ, էֆենտիս, մեղք եմ։

Բայց էֆենտին կորովի էր և իր ուժին տակ զսպեց զինքը։

— Հանըմս, հանըմս ի՞նչ պիտի ըսե, կ՚ըսեր անիկա դողդղալով։

— Խե՜նթ, պատասխանեց երիտասարդը անոր, մայր,