Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/380

Այս էջը սրբագրված է

Բ.

Մարդկային տեսակետով՝ որբանոցը հիվանդանոցեն շատ ավելի բարձր ու շատ ավելի սրբազան հաստատություն մ՚է. վասնզի որբությունը դժբախտությանց ամենեն գերազանցը ու ամենեն նվիրականն է:

Այն անհավասար մարտին՝ զոր զորավորը հավիտյան կը մղե տկարին դեմ, որբությունն սկիզբն է։

Ետի-Քուլեի մեջ ազգն հիվանդանոց և որբանոց մ՚ունի. մահը՝ այս երկու հաստատությանց մեջտեղը մնացած է միշտ, իրմե առաջ կուգա հիվանդությունը, ու որբությունը իրմե վերքը. մահը՝ տարօրինակ ու անխուսափելի միության գիծ մ՚եռած է այս երկու աղետներուն մեջ։

Վարժարանի մեջ Ներսեսի աշակերտության տարիներն անցան ամեն տղայության տարիներուն պես դյուրասահ։

Դպրոցին մեջ քիչ շատ առջի անառակն էր, միշտ ավելի խաղի քան դասերու հետամուտ. ի բնե բարի ու ընկերասեր, բայց անիրավությանը դեմ ըմբոստ ու խրոխտ։

Որքա՜ն դառն փորձերու ենթարկվեցավ Ներսեսի այս բնավորությունը որբանոցին մեջ. իր ուղիղ ու վայրենի դատողությունը երբեք չհամակերպեցավ հոն տեսած անիրավություններուն. զարմա՜նք, որ այդ զրկյալներու վայրին մեջ ալ զրկանքներ տեղի կ՚ունենային։ Շատ հեղ պատահեցավ որ Ներսես ծեծ ուտեր իր ընկերոջ հանիրավի պատժվելուն դեմ բողոքելուն համար։ Դաստիարակը՝ որուն այս տղոց հսկողության հոգն հանձնված էր, աստուծմե ու մարդոցմե դժգոհ, խստասիրտ ու անտանելի ծերունի մ՚էր, որ իր բախտեն կրած ձախորդություններուն վրեժը իր խնամոց հանձնված անմեղ տղաքներեն կը լուծեր: