Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/381

Այս էջը սրբագրված է

Կառավարիչներու, հին վարժապետներու այն հազվագյուտ տիպարներեն մին էր, որոնց այսօր հետաքրքրաշարժ հրեշի մը նայելու պես կը նայինք։

Դանիել պատվելին՝ կարճահասակ ու բարբարոս ծերունի մ՚էր, որ ինքզինքը պզտիկ թագավոր մը կը նկատեր միշտ իր սրահին մեջ. դյուրաթեք՝ բայց անբեկանելի գավազան մը, իր արքայական ահարկու մականն էր անշուշտ. իր գաղափարը, իր ավանդություններն ուներ այս մարդը ուսուցչական ասպարեզին վրա:

Հիմակվան վիճակը, նախատյալ ու արհամարհյալ, կը վերագրեր նախկին վարժապետաց ու տիրացաներու պակսելուն: Ինքը դեռ հոխորտ համառությամբ մը անոնց սովորություններն ըստ կարի կը պահպաներ. իր բթացած ուղեղովը կը մտածեր թե վարժապետի մը համար ներելի չէ երբեք ժպտիլ աշակերտաց առջև։ Դժնյա ու անողոք մարդ մ՚էր՝ որուն սրտեն ծերությունը ամեն մարդկային ու գորովո զգացում ջնջած էր։

Աշակերտները կը դողային իրմե. ու հիվանդանոցին հոգաբարձությունն ինքն իրեն կը կարծեր թե լավագույն դաստիարակն ուներ իր դպրոցի մեջ։

Ամեն աշակերտ ըստ կարի չեզոքացնելու կը ջանար այս կառավարչի դեմքով մարմնավորյալ կատաղությունը. մին ամենեն երջանիկն աշակերտաց մեջ, վարժապետին ծառայությանը հատկացված էր, անոր մաքուր ջուր, սիկառին կրակ տալ, տնտես ախպարը կանչել, ասոնք էին իր առանձնաշնորհումները, որք պատժական խստություններն զերծ կը կացուցանեին զինքը. ուրիշ մի քանիներ, սովորաբար է՛ն գեղեցիկներն այս տարաբախտ մանկանց մեջեն, կառավարչին նախամեծար ու սիրելի աշակերտներն էին։

Վարժապետին աչքը մտնալ՝ այս էր հեք տղեկներուն միակ փափագը, մինչդեռ իրենց մանկական ու դառնացյալ սիրտը խուլ զայրույթով կը լեցվեր այս մարդուն դեմ։

Ինքը ամենեն լավ տեղյակ էր իր շուրջը տիրող ատելության հոսանքին. իր ծանոթ ու հայտնի հակառակորդները, թշնամիները ուներ պատանյաց մեջ, և Ներսես այդ հակառակորդներուն հռչակյալ պարագլուխն էր միշտ։