Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/382

Այս էջը սրբագրված է

Հետզհետե մթին ու ահարկու բան մը կ՚ըլլար այս աղուն ու այս ծերունվույն մեջի ատելությունը, վարժապետը պարգև կը խոստանար Ներսեսի հանցանքն իմացողներուն, իբրև թե մարդասպանի մը գլուխ մը փափագեր ձեռք անցընելու. և խեղճ մանուկները, վարժապետին շնորհաց արժանանալու հավիտենական տենչեն փորձված, կ՚երթային պատանվույն բոլոր շարժումներն հաղորդել իրենց վարժապետին. այս օր գրասեղանը տաշած էր զմելիով, մյուս օրը դասագրքեն էջ մը թուղթ պատռած. այն ատեն այն քրեական հանցանքներեն բորբոքյալ վարժապետին կատաղությունը չափ չուներ։ Ի՞նչ ապերախտ սիրտ՝ որ հիվանդանոցին գույքը կը փճացներ, ո՛չ, գավազանի սովորական հարվածներն անզոր էին Ներսեսին դեմ ու խստագույն բան մը կը փնտրեր անոր դեմ առանց գտնելու։

Ներսես իր կողմանե պարապ չէր կենար։ Դանիել պատվելիին փոքր ու մեծ ամեն ձևով ու չափով ծաղրանկարները վարժարանին բոլոր պատերուն, գրասեղաններուն, դասագրքերուն վրա կային, վարժապետը տեղ մը չէր կրնար երթալ առանց ածուխի կամ կապարի կտորով նկարված իր դեմքը տեսնելու. ի զուր մաքրել ու սրբել կու տար այս ծաղրաշարժ պատկերները. ժամ մը վերջը Դանիել պատվելիին ամեն դիրքով նկարները, կռնակի վրա պառկած, աշակերտաց առջև ծնրադրած, կամ դագաղի մեջ դրված, նորեն պատերը կը ծածկեին։

Այն ատեն վարժապետին Ներսեսի տված բոլոր անտեղի պատիժները փոքրիկ զրկանքները, շատ չնչին մնացին այս անլուր ընդդիմության դեմ։ Վարժապետը այս անհավասար մարտին մեջ պարտյալն էր միշտ և կը գանգատեր որ ծեծելու արտոնություն միայն ուներ դպրոցին մեջ. իր կարծյոք կախաղան հանելու իրավունքն ալ իրեն պետք էր տրվիլ, Ներսեսի դեմ ի գործ դնելու համար։

Օր մը կախաղանեն լավագույն բան մը հնարեց այն գազան-դահճի խորամանկությամբ, զոր տղայոց տկար ու զորավոր կողմերը ճանչնալով ստացած էր։