Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/383

Այս էջը սրբագրված է

Ուրբաթ օր մը կատաղի հիվանդ մը բերեր էին հիվանդանոց. հուժկու ամեհի մարդ մը, զոր իր հաստ չվանե կապանքներուն մեջ դեռ վեց հոգի հազիվ կը զսպեին։ Ներսես հիմարներեն կը վախնար ու սարսափահար կը նայեր այս ահեղ մարդուն, որուն արյունալից աչքը կարծես թե իրեն կը սպառնար։

Դանիել պատվելիի սիրտը առջի անգամ ըլլալով թերևս ուրախութենե դողաց Ներսեսի սարսափը տեսնելով. անոր անզգաստ ու անուղղա անունը շատոնց հանած է, և այս անառակն ի զգաստություն կոչելու համար երեք օր չոր հաց երեք օր բանտարկություն տնօրինեց:

Ներսես իր կրած պատժոց վրա խորհրդածող չէր. բայց երեք օր բանտարկությունը պատժոց խստագույնը երևցավ իր աչքին։ Չզիջավ սակայն ներում կամ պատժո թեթևացում խնդրելու պատվելիեն, ու հպարտ և բարձրագլուխ տնտես ախպոր հետևեցավ հաստատ ու ամուր քայլերով։

Վարժարանին բանտը վարի հարկին մեջ բավական կոկիկ սենյակ մ՚էր։ Տնտես ախպարը, պատվելիեն ստացած հրահանգին համեմատ, հոն չառաջնորդեց Ներսեսը, այլ դեպի հիմարանոցն ուղղվեցավ. պատանին շփոթած ու անմրմունջ կը հետևեր երբ հիմարապետին որոտընդոստ ձայնը զինքը կասեցուց։

Տնտես ախպարը, կոշտ ու կոպիտ վանեցի բեռնակիր, հառաջ մղել ուզեց զայն. Ներսես ընդդիմացավ մինչդեռ տնտեսն իր բանտապահի իշխանությունը անարգված տեսնելե զայրացած՝ իր բոլոր ույժովը պատանին հիմարանոցը կը քաշկոտեր։

Կարճատև, աղիողորմ, ու սարսափելի եղավ այս պայքարը, որուն հիմարապետն ալ եկեր մասնակցեր էր։

Խոսել, շունչ առնել անգամ չտվին Ներսեսին, զոր զորեղ ու անդիմադրելի բազուկներ անհավատալի կոշտությամբ քուրջի մը պես քաշելով, հրելով, մշտելով զնտանը առաջնոդեցին։

Ներսես չէր լացեր։