Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/384

Այս էջը սրբագրված է

Գ.

Հիվանդանոցին մեջ կատաղի հիմարներուն տրված մասը, ապուշներուն և անվնաս հիմարներուն հատկացված շենքին ծայրն է. հոն պատին գամված հաստատուն ու ամուր երկաթե օղակներու կապված են հիմարները, բայց նորեկ կատաղիները երկու երեք օր խավարային խցիկի մը մեջ մնալե հետո միայն կը տարվին հոն։

Երեք հատ են այս անլույս ու փոքրիկ զնտանները որք իրարու քով գրված երեք կանգուն դագաղներու կը նմանին։

Կռվին տաքության մեջ ստացած կռուփներեն ու հարվածներեն շփոթած, Ներսես ժամանակ չէր ունեցեր իր շուրջը դիտելու. բանտին մեջ ա՛լ անշուշտ ժամանակ ուներ շատ, բայց լույսը բացարձակապես կը պակսեր։

Պատանին ձեռքովը շոշափեց իր չորս կողմը. հազիվ մեկ ու կես կանգուն տարածություն ուներ իր խցիկը, քանի որ առանց շարժում ընելու նստած տեղեն անոր չորս պատերուն կրնար դպիլ. և այսպես չոր տախտակին վրա նստած Ներսես առաջին անգամ իր կենացը մեջ գլուխը ձեռացը մեջ առավ մտատանջությամբ։

Այս առաջին խորհրդածությունը քաջալերիչ չէր ու մարդկությունը չարաշուք գույնով կը ներկայանար իր աչքին առջև. իր անմեղ հոգին վերջապես կ՚ապստամբեր այնքան խստութենե զայրացած։ Ինչ կուզեր այս պատվելին իրմե. ի՞նչ գեշություն ըրեր էր որ զինք այսպես կը հալածեր, իսկ սա տնտեսին ինչեր պիտի ըներ եթե անգամ մը դուրս ելլեր բանտեն. ու վրեժխնդիր ծրագիրներ քիչ մը իր սիրտը կը սփոփեին. բայց ե՞րբ դուրս պիտի ելլեր ասկից․ ժամերը կ՚անցնեին ու Ներսես ի զուր կը սպասեր փրկավետ ձայնի մը. ապահով էր թե ոչ ոք պիտի գար զինքը հարցնելու և իրեն հոգածություն ցույց տալու մորմեն ի զատ։


Մորը հիշատակին Ներսես արտասվեց․ այս միայնության, այս մթության մեջ մորը հիշատակը լուսավոր ճառագայթի մը պես ցոլաց ու իր հոգին ողողեց․ ո՞ւր էր հեք կինը․ այս ահավոր բա՞նտը նետել կ՚ուզեր իր զավակը արդյոք երբ միամիտ