Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/385

Այս էջը սրբագրված է

պարզությամբ մը ազգին խնամոցը հանձնելու կուգար իր մեկ հատիկ որդին. խնամո՜ցը. խնամք բառը դառն հեգնություն մ՚էր այս վայրենի տանջանաց ու զրկանաց դեմ, որոնց զոհ ըլլալու դատապարտված են ազգին որբ ու անտերունչ մանուկները։

Հանկարծ երկաթե մեծադղորդ շառաչյուն մը լսվեցավ ճիշտ իր քովիկն և իր խցիկը մեծազոր ու ահեղ մարմնո մը երերումովը տատանեցավ։

Ներսես ահաբեկ հիշեց որ կատաղի հիմարի մը ճիշտ մոտը կը գտնվեր․ այն ատեն սարսափը պահ մը իր սրտին բախյունը դադրեցուց ու վայրկյան մը անշունչ ու անշարժ սպասեց։

Լռությունն հաջորղեց, սառն ու սպառնալից լռություն մը այս տախտակապատ գերեզմանին մեջ. ձայն չկար ու Ներսես սիրտ առավ քիչ մը. պահ մը վերջը մռնչյուն մը, ու հետո դարձյալ վայրագ, հրեշային մռնչյուն մը, ու հետո դարձյալ լռություն:

Այսպես ժամերն անցան, ամեն բանտարկության ժամերուն պես դանդաղ ու երկար: Ներսես այս մշտատև մութին մեջ ժամանակի գաղափարը կորսնցուցեր էր, ցորե՞կ թե գիշեր էր, չէր գիտեր, կը հաշվեր միայն որ առնվազն օր մը եղած էր իր բանտարկութենեն ի վեր, մինչդեռ իրոք հազիվ երեք ժամ անցած էր. այս է պատճառը որ մարդս շուտով կը ծերանա բանտին մեջ։

Քիչ մը վերջը զնտանին դուռը բացին, ի՜նչ հույսով, ի՜նչ անմեղ ու հաստատ համոզում ունեցավ թե զինքը փրկելու եկած էին. երեք օրը լրացե՞ր էր արդյոք:

Ներսես տախտակամածին վրա գետնաքարշ, ոտք ելլել ուզեց. իր նոր փրկիչը դիմավորելու համար:

Ո՜րքան դառն եղավ իր պատրանքը եբր կտոր մը չոր հաց նետելե վերջը իրեն, ճիշտ ինչպես շան մը կը նետեն, հիմարապետը աճապարեր էր դուռը գոցելու երեսին:

Մարդս միշտ պիտի ապացուցանե թե վայրենի կենդանիներե սերած է։

Զարմանք չէ որ հիվանդանոցի մը մեջ պաշտոնյայք ուրիշ ամեն ավելի մարդերե զուրկ ըլլան մարդկության զգացումներե: