Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/386

Այս էջը սրբագրված է

Ասոնք՝ սովորաբար առանց ընտանյաց, առանց սիրո, առանց կապակցության, սառն ու անտարբեր մարդիկ են, որոնք կը կոչվին ամենեն ավելի գթալից, ամենեն ավելի խանդաղատանաց ու գորովո կարևոր պաշտոններու։

Զնտանին մեջ ժամանակը կ՚անցնե՜ր թե չէր անցներ. Ներսես ավելի ետ երթալուն կը հավատար. ու խոնավ փայտին վրա նստած, ամենեն փոքրիկ շշունջին ու ձայնին ուշադիր, անհամբեր ու սրտատրոփ կը կենար։ Ո՛չ ոք, ոչ ոք կար զինքը հարցնող կամ փնտրող։ Այն ատեն կը զղջար Դանիել պատվելիին այս աստիճան թշնամանալուն. ծերունի վարժապետին դաժան դեմքը ամենակարող ու անողոք իշխանության մը պատկերը կ՚ըլլար իր աչքին․ մինչև այն օրը ծաղրած ու արհամարհած այդ բթամիտ ծերուկը, վիթխարի ու մեծազոր բացատրություն մը կը ստանար, ու մտածել չգիտցող այս տղան մտածելե ուրիշ բան չուներ հիմա, մութին ու խոնավության մեջ։

Պահ մը կարծեց թե գեշ երազի մը տագնապով այս ցուրտ ու մթին խցիկին մեջ կը գտնվեր․ իցի՜վ թե այնպես ըլլար։

Բայց ահա քովեն հիմարին շղթայակապ մարմնույն տատանումներր կ՚ավելնային ու բոլոր շենքը ուժգնությամբ կը ցնցվեր. իր խցիկը զատող պատը անոր անդիմադրելի ույժին դեմ խիստ տկար պատվար մը կ՚երևար իրեն, և ի՞նչ պիտի ըներ եթե այդ տկար պատը խորտակելով, հիմարը իր վրա հարձակվեր. Ներսես անզգայապես, մեղմիվ, առանց իր գոյության, իր դրացիության կասկածը տալու, ետ ետ կ՚երթար մինչև մյուս պատը, իբրև թե մեծագույն միջոց մը ձգելու կատաղի մարդուն և իր մեջտեղ։

Դ.

Անդին Դանիել պատվելին կը հրճվեր կը պանծար իր հաղթանակին մեջ. Պոնափարթ ոչ այնքան խրոխտ ու փառահեղ երևույթ մը ուներ Ավսթերլիցի ճակատամարտեն վերջը, քան թե այս ապուշ տիրացուն իր անողորմ ու եղեռնական շահատակութենեն հետո։