Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/387

Այս էջը սրբագրված է

Ներսեսը մեջտեղեն վերցնելով, իր շուրջը տիրող թշնամության ու հակառակության գլուխը խորտակեր էր. Ներսես այս տղայական ընդդիմության հոգին էր. պատվելիին դեմ մղված գաղտնի մարտին մեջ ամեն ոք իր հանդգնությանը, հնարամտությանը, կը վստահեր. ամեն անիրավությանը զոհին ծանոթ ու համառ պաշտպանն էր նա. անոր բացակայությամբը ամենքը ինքզինքնին անզոր ու անպաշտպան զգացին իրենց վարժապետին դեմ։

Ո՞ւր էր Ներսես. տղաքը զայս կը հարցնեին իրարու. դպրոցին բանտը չէր որ տարեր պահեր էին Ներսեսը. իր ընկերներն ուրիշ հոգ ու մտածում չունեցան երեք օր։

Ցորեկվան արձակուրդեն օգուտ քաղելով, մին՝ խոհանոցը, մյուսը մոմարանը, երրորդը կոշկակարաց սենյակները խուզարկեր էր, առանց հետք մը գտնելու իրենց ընկերեն։

Ի զուր ջանացեր էին ողոքիչ խոսքերով տնտես ախպարը խոսեցնել տալ. այս անմիտ վանեցին տերության գաղտնիքը պահելու պես, Ներսեսին բանտարկության վայրը կը ծածկեր։

Դիտված է որ անոնք միայն իրենք իրենց կարևորություն տալու կը ճգնին, որոնք ամեն կարևորութենե զուրկ են. ամեն պաշտոնատան մեջ ստորակարգյալներն են միայն ամբարտավան։

Հիվանդանոցի վարժարանի մեջ, տնտես ախպարը իր մեծ նշանակությունը կը պահեր, ու վեհապանծ դեմքով մը իր ջուրջը հավաքվող տղոց մեջ շրջելով՝ Ներսեսի օրինակեն օգտվիլ կը խրատեր անոնց։

Կյուրակե օրը ամսագլուխ էր ու Ներսեսի մայրը հիվանդանոց եկավ իր զավակը տեսնելու. ձմեռվան ցրտին ու սաստկաշունչ օրերեն մեկն էր, և այս անգամ հաստ փոքրիկ փալթո մը բերեր էր անոր համար։

Տնտես ախպոր մոտեցավ հարգական ձևով մը ողջունելով. տնտեսը կրակով լեցուն վառարանի մը քով տեղավորվեր էր. այրին տեսավ առանց շարժելու տեղեն։

— Ներսեսս կը կանչե՞ս, ըսավ անոր կինը աղաչավոր ձևով։