Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/388

Այս էջը սրբագրված է

— Ներսեսդ պանդն ի, պատասխանեց տնտեսը վեսությամբ:

— Բա՜նտը, տե՜ր ողորմյա, աս օդին ցուրտին ի՞նչ կ՚ընե, ի՞նչ հանցանք ըրավ որ բանտը դրիք:

— Տիմադարձություն կ՚ընի միեզ:

Տնտեսը ինքզինքն ալ հաշվի կը դներ:

Խեղճ կինը վարժապետին ներկայացավ գլխիկոր ու որդվույն համար բարեխոսելով։

Պատվելին անդրդվելի ու անխռով ճշմարիտ հրճվանոք մը կը նայեր այս արտասվող կնոջ վրա. կը խորհեր որ ինքն ալ այսպես պաղատանք ու աղերսանք լսելու բախտին կ՚արժանանար ահավասիկ, աղերսանք որ իր չարամիտ եսությունը այնքան կը գգվեր։

Ու լուռ ու խրոխտացած ճեմելով սրահին մեջ, մինչդեռ տարաբախտ մայրը իր պաղատագին թախանձանքը գուցե տասներորդ անգամ ըլլալով կը կրկներ, լիաբուռն կը վայելեր այս մեծ մարդու, մահու և կենաց վճիռ արտասանող մարդու դիրքը։

Կինը կը շարունակեր իր աղաչանքը, բայց վերջապես համբերությունն սպառելու մոտ էր:

— Քու տղադ հանցավոր էր ու պատժվեցավ, ըսավ վերջապես պատվելին։

— Կիրակի օրով պատիժ կըլլա՞, հարցուց կինը միամտորեն։

— Ուրբաթ օրվընե պատժված է, ավելցուց պատվելին անտարբեր։

— Ի՞նչ, ըսել է ուրբաթ օր, անկե ի վեր գավակս բա՞նտն է այս ձյունին ու բուքին, գոչեց կինը ցավագին աղաղակով։

Պատասխան չստացավ։

Այն ատեն այս համեստ, այս աղաչավոր կինը հանկարծ կերպարանափոխ եղավ, իր զավկին այս սաստիկ եղանակին երեք օր շարունակ բանտարկության լուրը անոր խելքը գլխեն առավ։

— Ո՞վ ես դուն որ զավակս երեք օր կը բանտարկես, տնանկ զավակ մը հասուցած ունի՞ս մի նայիմ, պատվելի,