Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/389

Այս էջը սրբագրված է

գոչեց կինը մոլեգին ու հուսահատ, երե՛սս նայե, երե'սս, ես քու գիտցած կնիկներեդ չեմ, անօրեն, անաստված, շո՛ւտ զավակս կուզեմ,զավակս։ Պատվելին վախցավ այս զայրացյալ դեմքեն, մինչդեռ կինը հետզհետե, հրաբուխի ջեռուցյալ հոսանքին պես, իր զայրույթը հայհոյություններով և սպառնալյոք դուրս կը թափեր։

— Մորուքդ թել թել կը փետտեմ քուկին, վարժապետ• շուտ զավակս պիտ բերես։ Խռովությունը մեծցավ սրահին մեջ. պատվելիին շփոթած վիճակեն քաջալերյալ աշակերտներն սկսան ձայներնին բարձրացնել։

— Զավակդ չկերա՛նք ա, ծո′ տնտես ախպար բեր սըվոր տղան․ բայց գիտցիր որ հոգաբարձությունը պիտի արտաքսե այդ անառակը։ Մայրն այս խոսքերը չէր լսեր ու ձայնը երթալով կը բարձրանար։

Եղելությունը շուտով մը իմացվեցավ հիվանդանոցին մեջ ու դպրոցին տնօրենը, բարի ու պարկեշտ երիտասարդ մը այդ վիրավորյալ մայրն ամոքել ջանաց։ — Մի պոռաք, կ՛աղաչեմ, եկեք վար իջնանք, զավակնիդ պիտի տեսնեք, ի՞նչ ընենք, դպրոցին կանոնը կա։

— Երե՛ք օր զավակս բա՛նտը դնել աս ցուրտին, կը կըրկներ մայրը շարունակ, այս անհավատալի խստութենեն կատղած. զավկի տեր չե՞ք դուք, կը գոչեր իր շուրջը ժողովված մարդոց դառնալով։

Տնօրենը գոհացում մը տալ ուզեց այս կնոջ' միասին տանելով զինքը՝ Ներսեսը դուրս հանելու համար բանտեն։

Բայց սխալ ճամփա բոնած էր, ոլ տնտեսը թեմեննահ մը ընելով կամաց մր իմացուց որ անառակաց հատուկ բանտը դրված էր Ներսես։

— Անառակաց բա՞նտը, ի՞նչ կ՛ըսես, տնտես ախպար, ըսավ երիտասարդ տնօրենն ապշած ու սարսափած, երեք օր հո՞ն թողուցիք տղան։

— Պատվելին էնպես հրամայեց։