Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/390

Այս էջը սրբագրված է

Տնօրենն ամոթահար ու աղետ մը պատահած ըլլալու նախազգացումեն դղրդյալ, ետ դարձնել ուզեց կինը որ կր համառեր, իր ձեռոք զավակն այս անողորմներուն ձեռքեն փրկելու համար։

Այն ատեն ստիպյալ և ուրիշ մի քանի պաշտոնեից ընկերակցությամբ պարտավորվեցավ այս կնոջ հետ երթալու բանտը. քանի՛ կը հառաջանային հիմարանոցին մեջ՝ խեղճ կինը ապշած սարսափած' չորս կողմը կը նայեր, առանց կարենալ հավատալու տեսածին ու լսածին։

Բայց երբ զնտանին դուռը բացին, սրտաճմլիկ ու ահավոր տեսարան մը պարզվեցավ իրենց աչքին առջև։ Ներսես ցուրտ տախտակամածին վրա անշարժ պառկած էր, աչքերը փակ, ու իր մանրիկ վտիտ անդամները ցուրտեն քար կտրած էին. կարելի եղածին չափ պատսպարվելու համար, իր փոքրիկ ձեռքը մյուս թևին մեջ մտցուցեր էր, գւուխը տախտակին վրա դրած․ իր գլխուն մոտ կը կենային դեռ չոր հացի կտորները, զորս ներս նետեր էին առանց ներս նայելու, և որոնց չէր դպած բնավ։


Մայրը նվաղեցավ, մինչդեռ տնօրենին ու պաշտոնեից աչքերը արտասվոք կր լեցվեին։

Բոլորն ալ փութացին մորն ու որդվույն ամեն խնամք տանելու, ու երկուքը միասին փոխադրեցին հիվանդանոցին դեղարանը։
Թշվառ կինը աչքը բանալուն, պաշտոնյաները տեսավ միայն իր շուրջը բերանը շարժեց, բայց առանց կարենալու ձայն մը հանել․ այն ատեն արցունքներ խաոնվեցան իր աղերսարկու նայվածքին․ հասկցան որ զավակը կը հարցներ։
Պատասխան չունեին տալու։ Ներսես երկնից հրեշտակներու քովն էր։
<1888>