Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/399

Այս էջը սրբագրված է

քառմանը մեջ. անկարելի' ետ դառնալ բացը նետվելու համար։ Այն ատեն աղաղակ մը փրթավ իր կուրծքեն, օգնություն կոչելու ձայն մը, աղիողորմ և հուսահատ գոչյուն մը զոր ծովն իբրև թե անակնկալ աջակցություն մը արգիլելուտմամբ իր մռնչյունովը ծածկեց։

Ցամաքեն տասը գրկաչափ բացն էին, ծովն օրորոցի մը պես առաջ ու ետ կը մղեր զիրենք և իր խուլ նվագմերովը քնացնել կ՝ուզեր այս դատապարտյալները։

Այս մահվան տարուբերին մեջ ալիք մը անհնարին մոլեգնությամբ գրկեց բարձրացուց մակույկն իր լույծ կուրծքին վրա. մանրերկրորդ մը վարանեցավ կարծես որոշում տալու համար, հետո անհավատալի զորությամբ ցամաք նետեց զայն, հոն հավաքված ավաղներուն վրա, ու ետ քաշվեցավ։ Այս ալիքն որ իր անօրինակ ուժգնութամբը ստույգ կորուստ մը պարտ էր բերել, իրենց փրկությունն եղավ. չափազանց սաստկությունը խորտակելու տեղ ազատեց զիրենք և իր նպատակին ներհակ արդյունք մը արտադրեց։ Այս պարագային մեջ ծովու վարմունքը մարդոց վարմունքին համաձայն գտնվեցավ։ Նավավարը դուրս նետվեցավ ու ամեն բանե առաջ իր պրկված ու ուժաթափ մատներովն ա՛լ ավելի դեպի ցամաք, քաշեց թեթև մակույկն ու հետո տիրուհին դուրս հանել ջանաց:

Մթության մեջ կ' որոշեր անոր վախեն դալկացած դեմքն ու մարմնույն բոլոր զմայելի գծագրությունը զոր թրջված շրջազգեստը բոլորովին հայտնի կ'ըներ: Այն ատեն բռնեց այդ լեցուն ու հրաշագեղ մարմինը, իր գրկին մեջ, իր ուսերուն վրա առավ' առանց թևերուն մեջ կարենալ ամփոփելու այդ հարուստ իրանը' առույգ բարձունքը։ Մանկամարդ կինն այս հպումով, այս ջերմությամբ սթափեցավ: Չզարմացավ սակայն ինքզինքն այս բազկաց մեջ տեսնելով. կիսովին փարատվող նվաղմանը մեջ, երազի մը, երջանիկ „լ փափագված երազի մը տպավորությունն ունեցավ։ Իբր թե Պյոյուքտերեի իրենց ապարանքին մեջ իր քաղցրաբույր ննջասենյակին անուրջներովը ու երիտասարդ կնոջ իղձերով: