Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/40

Այս էջը սրբագրված է

— Սա՛նկ, ավելի՛ մոտ։

Մոտեն՝ հղությունը ակներև էր. շատ մը կիներու պես Տիգրանուհին տգեղցեր էր. երեսին մորթը թուլցեր, կախվեր էր, փորը անշնորհ կերպով դուրս կը ցցվեր ու ամեն սիրտը զարնելուն՝ չափազանց մեծցած կուրծքին հարույցքը աչքի կը զարներ իսկույն։

Այն ատեն բարկութենեն Սուրբիկ հանըմին խելքը գլխեն գնաց։

Փոստա՜լ, պոռաց անոր երեսն ի վեր, փոստա՜լ, տունս անպատվեցիր, թե՛զ ճեհեննեմ եղի՛ր։

Մարիամ վեր վազեց հանըմին ձայնը լսելով։

— Հաճի Տյուրիկը կանչեցեք շուտ, սա շունը առնե տանի՛, կը պոռար հանըմը։

Երկու ժամ ետքը թելլալը գտան բերին ու բերանը փրփրելռվ Սուրբիկ հանըմ իր զայրույթը դուրս թափեց։

Կեղծավորությունը անանկ բան մըն է որ երբեմն ու վերջ ի վերջո անկեղծության հետ կը շփոթվի և անկե չի տարբերիր, ինչպես որ սուտ խոսողներ կան որոնք իրենց սուտին կը հավտան։

Ասանկ ալ Սուրբիկ հանըմին բարկությունը շինծու բան մը չէր, անկեղծ էր. երբեք կարող չէր հիմա մտքեն անցընել որ իր գիտությամբը, իր կամքովը, իր կարգադրությունովը ամեն բան եղած կատարված էր։ Իր բերնին մեջ ամեն վայրկյան հեղհեղվող պատիվ, պարկեշտություն բառերուն վարժությամբը՝ ցավագարի մը պես կը պոռար, աղախինը, Հաճի Տյուրիկը ու բոլոր աշխարհը հանցավոր գտնելու կ՚ելլեր։

— Հիմա՛, հիմա՛, փոստալդ թող կորսվի երթա, վայրկյան մը չեմ ուզեր տունիս մեջ։

Այս եղավ իր վերջին խոսքը։

Թելլալը Տիգրանուհիին սենյակը ելավ, մահվան դողերու մեջ գտավ զայն. սաստիկ ջերմ եկած էր վրան, երեսները կարմրեր էին, մինչդեռ ակռաները իրարու կր զարնվեին։

Միջնորդ կինը գթաց անոր, բան մը հարցնելու պետք չուներ. անցած դարձածը գիտեր, միայն հարցում մը.

— Քանի՞ ամսու ես, աղջի՛։