Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/404

Այս էջը սրբագրված է

Կատեի, բայց ինչո՞ւ կ՚ատեի այս կինը. ամեն հեղ որ փողոցին մեջ հանդիպեի իրենք, իր խոժոռ, թթված երեսը, փոթփոթած ճակատը, պրկված շրթունքը՝ արհամարհանքով լեցուն' կը զայրացնեին զիս:

Իբրև թե հետամուտ մեկն եղած ըլլայի իրեն, կամ բոլոր աշխարհ սիրո հայտարարություններ ունենար իրեն ընելու զորս կանխավ կը զգար, կը գուշակեր, երեսը դառնություն մը կը պատեր միշտ, անթափանց պատրվակ մը, պատրաստած անույշ խոսքերդ բերնիդ մեջ ձգելու, արգիլելու համար:


Այս հակառակությունը մեր մեջ հետզհետե կը սաստկանար. չէի ճանչնար զինքը. բայց իր ատելությունը, արհամարհանքը բացահայտ կը կարդացվեր իր երեսին վրա. խուլ, անիմանալի թշնամություն մը որ հետզհետե կը ծանրանար առանց երբեք տեղի տրվելու իմ կողմես:
Ի՞նչ կ՚ուզեր այս կինը ինե. կը զգայի որ ծանր նախատինք մը պիտի ըներ, երեսս ի վեր պիտի պոռար բիրտ ձայնով եթե խոսելու առիթը ներկայանար երբեք: Շոգենավին մեջ, կամուրջին վրա, ոտքես մինչև գլուխս կը չափեր, ամփոփելով զիս իր մեկ նայվածքին մեջ, որուն առջև կը պըգ տիկնայի ամեն ատեն։