Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/408

Այս էջը սրբագրված է

ված կնքյալ թուղթերու շուրջը կը խորհրդակցեինք, կը մտածենք, ջանալով փրկության միջոց մը գտնել կորսվելու մոտ այս հարստության համար. ու հիմա իր խոժոռ նայվածքը ո՜րքան կակուղցած քաղցրացած է երբ ինծի կը դառնա. խնդիրք մը կա հոն լռին ու բացորոշ և ես կը շարունակեմ կարդալ շուրջի թուղթերս, հարցումներով ընդմիջելով ընթերցումս ու այդ կնոջ դառնալով.

-Ամուսննիդ թողած եք,այնպես չէ՞, տիկին:

-Այո՛,

-Քանի՞ տարու էիք երբ սա թուղթը ստորագրեցիք:

-Հազիվ տասնչորս տարու, անչափահաս էի, չէի գիտեր ստորագրած թուղթս:

-Զավակ չունեցա՞ք երբեք:

-Ո՛չ հազիվ տարի մը ապրեցա ամուսնույս հետ ու բաժանվեցաք. իմ բոլոր դժբախտությանս պատճառը ինքն էր:

Ու կատարյալ հարցաքննության մը կ՚ենթարկեմ զինքը, ճիշտ ուրիշներուն պես, ու երկար ատենե ի վեր զիս տանջող հետաքրքրության վրեժը կը լուծեմ ահա:

Ուրեմն դժբախտ էր իրոք. ամուսնացած էր՝ամուսնության դառնությունները միայն տեսած ըլլալու համար, ու հիմա այդ կապը ամեն տեղ ընդքարշ կ՚ածեր իրենհետ բանտարկյալի մը ոտքին կապված շղթային պես. ասդին իրենց հարստությունն ալ դատական վտանգի մը մեջ ընկղմելու փճանալու վրա էր:

Նախախնամությունը ինծի պես չէր. այս կնոջ գեղն ու հասակը, տարիքն ու հրապույրը չէին ազդած անոր վրա. անիկա իր ռամիկ պատուհասներուն ու ցավերուն համար բնավ խտրություն չէր դրած այս կնոջ նկատմամբ