Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/409

Այս էջը սրբագրված է

Եվ տեսա, որ այս կինը իր դատովը կ՛ապրեր միայն, իր կորսվելու մոտ ապրուստին սարսափը իր միակ մտմտուքն էր, իր կյանքը այս հոգովը կը լցվեր բոլոր, այս վեճին բոլոր մանրամասնությունները կը զբաղեցնեին զինքը, աշխարհեն գրեթե անջատելով։

Դեմքին վրա դրոշմված խստությունը զոր այնքան ջանացած էի վերլուծել, որուն ամենեն բանաստեղծական բացատրություններ տալով՛ մեծցուցեր էի մտքիս մեջ, այս դատին պատճառած հոգն էր անվրեպ։

— Դատերնիս շահեցեք, կ՛ըսեր ամեն անգամ զիս տեսնելուն, դատերնիս շահեցեք։

Ասով կ՛ապրեր ալ, այս մտատանջությունը զինքը կը անուցաներ. դատարանի, կոչնագրի վճռագրի վրա էր իր խոսքը շարունակ, և ես որ իմ նախախնամությանս մեջ սիրո հրապույրի ճակատագիր մը սահմաներ էի իրեն, հիմա այս կնոջ անձուկ ու սովորական գոյությունը տեսնելով, կ՛արգահատեի։