Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/419

Այս էջը սրբագրված է

զիս կը պաշարեր առտու իրիկուն, տունը, փողոցը, ամեն ժամ և ամեն տեղ, չորս դիես կը մոտենար, մեղմիվ բայց անընդհատ, ջուրին պես աճելով շարունակ: Եվ ես կոչում կ'ընեի իմ պարտավորությանս, իմ պատվիս, բոլոր այն սկզրունքներուն որոնցմով մեծցեր էի, իբրև թե այս բարձրացող ջուրին դեմ մինչև ոտքիս մատվներուն վրա կենալով բարձրանայի ես ալ, դիմադրելու և չընկղմելու համար։

Օր մը նամակ մը տվավ ինծի այն անդիմադրելի ու խանդոտ լեզվովը գրված որ իրեն հատուկ էր: Երջանկության կոչո՜ւմս, որուն խորունկ արձագանքովը բոլոր հոգիս դղրդաց: Վճռական վայրկյանն էր աս կանացի կյանքին մեջ։

Իրիկվան ճաշեն վերջը եկավ պատասխան փնտրելու։ Ամուսինս պռին խաղալու գացած էր դրացիի մը տունը: Որոշումս տվեր էի արդեն։ Ամառվան այն ոսկեհուռ ու սարսռացոզ գիշերներեն մեկն էր, որուն մեջ մարդերը և իրերը կը շփոթվին, կ՛անոսրանան, կ՚աննյութանան, ցնորքի և երազի կը վերածվին: Այս դյութիչ աշխարհքը ինծի կրկնապես զմայլելի կ՚երևար, վասն զի այդ պահուն հրաժեշտ պիտի տայի անոր, քարափի վրա կեցող, շոգենավ մտնելու պատրաստ ճամփորդին պես, որ օտար երկրի մը հաճույքներեն ձեռք քաշելով իր հայրենիքը կը վերադառնա։

Երկու բառով, այն հատու ու վճռական բառերովը որոնցմով կիները իրենց անդառնալի կամքը կը հասկցնեն երբոր ուզեն' ըսի բարեկամիս որ պետք էր հրաժարիլ անօգուտ հետապնդումեն ա՛յնչափ անպատշաճ իրեն, որ էրկանս մտերիմն էր, որքան անվայել ինծի որ պատվավոր կին մըն էի։ Չպահեցի իրմեն որ միակ անձն էր ինքը զոր հոգվույս ամենեն մոտիկը նկատելուն տկարությունը ունեցեր էի պահ մը, և ճիշտ ասոր համար, պետք էր որ այլևս ոտք չկոխեր իմ տանս սեմեն ներս։
Մեկ վայրկյանի մեջ դահիճի պաշտոնս կատարեցի։
Ձգեց գնաց առանց բառ մը արտասանելու, զարմացնելով: