Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/42

Այս էջը սրբագրված է

— Ամեն բան ստակով կ՚ըլլա։

— Անոր տալուս Հիվանդանոցին կու տամ, կ՚ըսեր Սուրբիկ հանըմ, կրկնելով այն խոսքը զոր իրենց պարտքը վճարել չուզողները, հայտնի ավազակ մը չհամարվելու համար, սովորաբար կը գործածեն մեր մեջ:

Ան ատեն Հաճին բերանը բացավ:

— Ինծի նայե, ձեր տղաքներուն էյլենճեին համար տունը աղվոր պեսլեմե ուզողը փարա տալեն քաշվելու չէ, հասկցա՞ր, օղուլ: Հիվանդանոցիդ ստակ տալուդ, տղուդ ծոցվոր ձգած աղքատ աղջիկին տուր. չունիկ չունևորիկ չեք, փառք աստուծո։ Աս աղջիկը տեղ մը չի կրնար աշխատիլ, զավակ պիտի բերե, ապրուստ չունի, գեղը հիվանդ էրկանը ղրկելու ստակ չունի։

Սուրբիկ հանըմ պոռաց, հայհոյեց, սակարկեց, և վերջ ի վերջո քսան ոսկի տվավ, բայց այն պայմանով որ նույն վայրկյանին Հաճին առնե տանի Տիգրանուհին։ Ժամը տասներկուքը անցեր էր։ Ղազար էֆենտին ու տղան տուն դարձեր էին վերջին շոգենավով և, դիմացի սենյակը նստած, առուտուրի վրա կը խոսեին, տղան հորը դեմ բարև բռնած էր գրեթե, հնազանդ ու առաքինի զավկի պարկեշտությանը մեջ:

Այս ժամուն Քատըգյուղեն Պոլիս գալու շոգենավ չկար։ Հաճին պարտավորվեցավ, աղջիկը հետը առած, նավակ մը վարձել Ղալաթիա անցնելու համար,

Աշունի իրիկուն մըն էր, ձմեռնամուտի մոտ։ Անձրև մը կուգար միօրինակ և անընդհատ, սև քողի մը մեջ պարփակելով ծովն ու ցամաքը։ Նավահանգիստին մեջ շոգենավերը անշարժ հսկաներու պես կեցեր էին իրենց խաչաձև կայմերովը, կարծես թե բարև բռնած։ Ծովեն՝ Ղալաթիան, ու ավելի բարձրը՝ Փերան՝ իրենց անհամար լույսերը կ՚սկսեին մեկիկ մեկիկ վառել։

Ու սմքած՝ այս նավակին մեջ, իր փոքրիկ պողչան թևին տակ, Տիգրանուհին, կամքե ու գիտակցութենե զուրկ, ուշադրությամբ մտիկ կ՚ըներ թիերուն ծովին մեջ մխրճվելու ձայնին, և հեռուն մութին մեջ վառվող բիծերը կը դիտեր, երբոր, առաջին անգամ, իր զավկին խաղալը զգաց որովայնին մեջ: