Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/421

Այս էջը սրբագրված է

Մոլեգին վրաս վազեց, ոտքի ուժգին հարվածով մը գետին գլորեց զիս. ցավը սրտիս զարկավ. նամակը կը փնտրեր վրաս. բոլոր տկարությանս մեջ դեռ կը դիմադրեի, կարկամած մատներուս մեջ համառ հուսահատությամբ մը սեղմելով թուղթին կտորը։ Հետո ծեծել սկսավ զիս։ Իր արու անասունի նախանձը' թումբերը խորտակած հորձանքի մը բոլոր զայրույթովը կը պոռթկար.

— Սիրո՜ղդ, սիրո՜ղդ:
Գետինը երկնցած, մարմնակործան, այս բառը բոլոր ցավիս սաստկության մեջ անուշ մեղեդիի մը, սփոփանքի մը պես կու գար ինծի, այո’, վերջը վերջը սիրող մը գտեր էի, հոգիիս մեկ ընկերը և զոր ինե վանելու, հեռացնելու հիմարությունը գործեր էի։ Մարմնիս էն տանջված վայրկյանին այն սիրույն բոլոր քաղցրությամբը կը վրդովեի, Ո՜րքան Թոլսթոյ իրավունք ունի«Քրեոյցերի Սոնաթ» ին մեջ պնդելու որ հոգվույն անձնատվությունը մարմնույն անձնատվութենեն ավելի մեղավոր է։

Կերած ծեծիս մեջ՝ անարգված զգացումներուս բոլոր սաստկությամբը՝ ինքզինքս սիրած երիտասարդիս գրկին մեջ կը զգայի և պատրաստ անոր զոհվելու, թեև ցավին չդիմանալուս համար ալ միևնույն վայրկյանին բարձրաձայն կու լայի։ Խոշտանգումը մարմնիս ահեղ ոլ խորհրդավոր՛ արարողության մը պես զիս սիրածիս կը զուգավորեր. տեսակ մը պսակ՝ զոր նախանձը կը դներ մեր գլխուն վրա և մեզ իրարու կը կապեր անդարձ։ Երջանիկ և նվաղած էի։ Ան մարտիրոսներու զգացածին նման զգացում մըն էր իմինս, տեսակ մը երանություն, որ դեմքիս վրա՝ արցունքիս մեջեն՝ պայծառ կերպով: