Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/426

Այս էջը սրբագրված է

թուն ու պարսավներուն մեջ համաձայնություն կա միշտ դըժգոհ ու մեկուսի բնավորությանը վրա։

ճշմարտությունն այն է որ հեք մարդը մեծահարուստ իշխանի մը շռայլությամբ իր կյանքին մեծագույն մասը վատնած էր գրականության մը համար որ իրմե կը հեռանար շարունակ ու ապերախտի վրա աշխատած ըլլալու դառնությունը կը թողուր իր սրտին։

Ծերունի սիրահարի մը նախանձոտ մոլությամբ փարած էր այդ գրականության, որ զինքր երեսի վրա կը թողուր նորեկներու, պատանիներու հետ զբոսնելու ու անոնց հաճույք պատճառելու համար հարափոփոխ արդուզարդով, նորաձևություններով, քերականական տարազը կը մերժեր և կը մերժեր այն գոց սեհնակի մը մեջ վաթսուննոց մարդու մը հետ փակվելու առաջարկը որ պատվելիինն էր:
Այսպես,չկրնալով հետևիլ ինքն ալ մշտնջենական երիտասարդուհվույն որ իր նորանոր տարփանքներովը հերատուկ կնոջ մը ձևերը կառներ իր աչքին, Միսաքյան ամեն դառնացյալ սրտի պես, անունն անգամ լսել չէր ուզեր այս անհավատարիմ գրականության, որուն գայթակղությանց արձագանքը իր սենյակին դռան չհասած պետք էր մարեր։
Կը հասկնանք ուրեմն եթե ոչ կ'արդարացնենք պատվելիին քեն պահող տղու գոյությունը։
Իր դժբախտությունը եղած է իրենը կարծել ինչ որ իրոք ամենունն էր և ամենունը պետք է մնա։
Ապաքեն անոր մեկուսացմամբը հայ գրականությունը կորուստ մը ըրած չէ. հեռացումը ազգային կյանքեն՝ այնքան կտրուկ և միանգամայն այնքան անձուկ մտքով մը տեղի ունեցած է որ ետքեն, ուզեր իսկ, պիտի չի կրնար վերադառնալ. ու երբ օր մը հանկարծ ելլեր սենյակեն դուրս ման գալու համար գրական ասպարեզին մեջ, ո՛չ ծանոթ դեմք մը պիտի հանդիպեր հոն և ո'չ հասկցող մը իր գիտցած լեզուն։
Ատենով իր գրած աշխարհաբարը որուն չենք կրնար չհավանիլ այսօր իսկ, իր անունը անկորուստ պիտի պահե, բայց պետք է զեղչել, մեծապես զեղչել, իրեն թեկնածու եղած գրագետի, համայնագետի և իմաստասերի համբավեն։