Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/44

Այս էջը սրբագրված է

հիվանդանալուն լուրը բերին։ Վազեց գնաց, բայց մանկիկին վերջին ժամուն միայն հասավ, բժիշկ, դեղ օգուտ չըրին, ոչ ալ ս. մասունքը զոր Ամենափրկիչեն բերել տվավ. թռչունի մը պես առանց տրտունջի հողին ավանդեց անիկա իր գիրկին մեջ։

Տիգրանուհին մարդ մարդասանք չուներ. Հաճի Տյուրիկն ալ գեղն էր այդ միջոցին, ինքն իր գլխուն պարտավորվեցավ մեռելաթաղի բոլոր չնչին ու ահավոր պատրաստությունները տեսնել: Ինքը հագվեցուց, սազեց մանկիկը, ինչպես վերջեն կը պատմեր լալով: Հետո եկեղեցի գնաց փափագ հայտնելով որ կարելի եղածին չափ շքեղ ըլլա հուղարկավորությունը։

— Մեղք ես, կնի՛կ, ստակ չունիս, ըսին ժամեն:

Անիկա համառեցավ, ուզածնին վճարեց, շատ մը մոմեր վառել տվավ, պնդեց որ երկու քահանա գտնվի արարողությանը. մանավանդ չուզեց որ ճաղի մեջ դնեն իր զավակը, վախնալով որ հողին մեջ չմսի անիկա, սնտուկ ապսպրեց, համոզված ըլլալով որ անոր մեջ պիտի պատսպարվի պզտիկը:

Օր մը շարունակ ասոնցմով զբաղեցավ, ամեն բան իր ձեռքովը կարգի դրավ, ժամին մեջ ինքը մինակ էր և մինչև գերեզմանատուն, գլուխը բաց, ինքը մինակ հետևեցավ դագաղին: Հո՛ն, իր աչքին տակ, տեղավորել տվավ զայն հողին մեջ ու ետ դարձավ իր ծառայած տունը, երկու օր բացակա մնալե ետքը։

Աչքերը ուռած էին լալեն, բայց գանգատի բառ մը չելավ բերնեն. գլուխը կախած, առաջվան պես աշխատության տվավ ինքզինքը։

Անկե վերջ իր բոլոր մտմտուքը, իր բոլոր առաջադրությունները այս պզտիկ հողակույտին հատկացան։ Ամսականեն ժողված առջի ստակովը՝ գերեզմանատան մեջ պզտիկ հող մը գնեց։

— Երկու հոգինոց հող մը, ըսավ ցած ձայնով մը թաղականներուն։

Ստակը վճարեց և թուղթը ձեռքը բռնած իսկույն գերեզմանատուն վազեց, զավկին մարմինը հոն փոխադրել տալու