Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/441

Այս էջը սրբագրված է

Կը մեղանչեմ հարկավ եթե անգաղտնապահ ձեռքով վեր առնեմ այն քողը որուն ետին Սիպիլ ծածկված կուզե մնալ. այդպես թո՛ղ ըլլա, բայց ներելի է գեթ ուրվագրել իր պատկերը այնքան՝ որքան շղարշին թափանցկութենեն կը մատնվի կամ լաչակին գեղահարդար ու արվեստաշեն ծալքերուն մեջ մոռցված բացվածքեն կընդնշմարեմ։

Վիպասա՞ն թե բանաստեղծ։

Գրող մը որ հոգիին հետ կը զբաղի, երբեք մարմինին, ու կը վախնամ ըսելու, որ սիրտը վեր կը դասե միտքեն, և ըստվերի մը տարտամ մթությունը՝ որոշ գծի մը հստակ ու անխարդախ սևութերնեն։

Բանաստեղծ մը ուրեմն։

Բանաստեղծ մը որ շնորհալին՝ գեղեցիկեն կը նախընտրե ու տպավորությունը հիշատակեն։

Ինքն ալ տպավորություններ թողուլ կուզե և ոչ հիշատակներ. իր եղանակները այն բերնուց սորվելիք ու հեղհեղվելիք երգերը չեն զորս ամբոխը միտքը կը պահե. այլ ներդաշնակություն մը որ մտքի օրորումով ու ծփանքով, հանզգայս կը տանի քեզ մինչև այն հանգրվանները ուր վայելքը տրտմության կը փոխվի։ Եվ ամեն անգամ որ կյանքի պատահումներով մոտենաս այդ սահմաններեն մեկուն, այդ ներդաշնակության վայելքը կարթննա հանկարծ սրտիդ մեջ, թեև անկարող ըլլաս զայն հորինող նվագները վերհիշելու։

Իր վեպերը քերթվածներ են։

Աղջկան մը սիրտը անբիծ տատրակի մը սիրտն է, որ դուն ուրեք մեր տանյաց վրա բույն կը դնե. իր երևակայած երիտասարդի հոգին ալ հրեշտակի և ճիվաղի հոգիներու մեջ կը տարուբերի, ճոճանակի մը պես որ գծած աղեղի մեկ ծայրեն կերթա շարունակ ու չի կենար հոն՝ ուր պետք է վերջապես կանգ առնել և ուր մարդկային հոգիները սովորաբար կը կենան։

Պատճառն այն է որ քերթող մ՚է վիպասանը ու իր մտքին թռիչքովը ու աշխույժովը կոգևորե վեպին անձինքը այնքան՝