Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/47

Այս էջը սրբագրված է

ծովին կանանչ երեսը կ՚ուռի շարունակ, կը փշտե ամեն կողմեն, անհամար պալարներով որոնք մի առ մի կը պայթին, իրենց վերքին ճերմակ թարախը ցուցնելով

Ձախերնիս՝ տարածվող սարահարթներուն հետ այգիները կը շաունակվին մինչև վերջը, հողին գույները կը փոխվին միայն, կը մթննան, կը մուգանան, շեկը մանիշակի կը դառնա, սգավոր մանիշակ մը։ Աջերնիս՝ ծոցին դեմի եզերքը ի տես կու գա, տարտամ ստվեր մը նախ, հետո ցամաքը ձևացնող լեռները իրենց պատռվածքներովը, հովիտներովն ու սովորաբար լերկ կողերովը որոշ և հայտնի, որոնց ստորոտը տեղ տեղ գյուղերը կը ճշտվին, արածող երամակներու պես։

Առաջին անգամն է որ Իզմիտ կ՚երթամ. ուղևորությունը, ծովին ու ցամաքին այլագան տեսարանները չեն զբաղեցներ զիս, ո՛չ, Ճամփա ելլելեն ի վեր գուցե տասներորդ անգամը ըլլալով կը կարդամ ոճրին մանրամասնությունները պատմող պաշտոնագիրները: Ոչ իսկ հույսի նշույլ մը. ամենեն անլուր ոճիրը և ամենեն անհերքելի ապացույցները, երկու պայթյուն և երկու դիակ մեջտեղը. մահաբեր գնդակներեն մեկը որ ճշտիվ կը պատշաճի ամբաստանյալին հրացանին, նույնիսկ իր հայտարարությունները որոնք անհավատալի միամտությամբ ամեն բան կը խոստովանին:

Եվ ասոնց ամենուն վրա պատմական օրենքի հոդվածին կտրուկ — տառական անձուկ իմաստովը — տրամադրությունը, որուն կ՚ակնարկե ամբաստանիչ ատյանին տեղեկագիրը և որ այս արյունալի եղերերգության վրա կը պտըտի, կը սավառնի, օդին մեջ կախաղան մը ձևացնելով զոր ահա աչքիս առջև կը տեսնեմ:

Ի՞նչ ընելու կ՚երթամ Իզմիտ։

Պաշտպանողական սովորական հնարքները աչքե կ՚անցնեմ մեկիկ մեկիկ: Ուրացո՞ւմ, կ՚զգամ որ անօգուտ է։ Հիմարության վերագրել ոճիրը, բոլոր հարցաքննությունները կը հերքեն այս ձրի ու անմիտ առարկությունը։ Պատմական հոդվածին վրա խծբծա՞նք մը, բայց մարդասպանությունը այն հանցանքներեն չէ որոնց սահմանը վեճ ու առարկություն