Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/48

Այս էջը սրբագրված է

կրնա հարուցանել. մարդասպանությունը կոշտ, բիրտ, հայտնի բան մըն է. դիակ մը և ահա ոճիրը։ Մեղմացուցիչ պարագա՞, բայց ոճրագործը ոստիկան մըն է: Այո՛, մոռցա ըսելու որ այս կրկին մարդասպանը Սափանճայի ոստիկանության տասնապետն է։

Կը խորհիմ որ զուր տեղը իմ փաստաբանի համբավս վտանգի կ՚ենթարկեմ այս անկարելի պաշտպանությունը ստանձնելով։ Շոգեկառքին բոլոր արագությամբը — մեկ ժամու մեջ երեսուն մղոնի արագությամբ — ստույգ ու անկասկած պարտության մը դեմ կը վազեմ։

Կը խորհիմ ինքնիրենս թե ի՞նչ պիտի ըսեն իզմիտցիները իմ անհաջողությանս վրա. ահավասիկ պոլսեցի փաստաբան մը որ Իզմիտի մեջ չի կրնար հանցավոր մը փրկել, իրենց ծաղրող ծիծաղներուն ձայնը կը լսեմ ականջիս մեջ։

— Բայց ի՞նչ կարող էի ընել։

Մտիկ չեն ըներ ինծի, կը խնդան, կը մարին խնդալեն։

— Ծո՛, ադ տղա՜ն, Պոլսուն ապուքաթը:

Եվ իմ տատաս, այն որ զիս մեծցուցած էր գիրկին մեջ, Հաճի Մարիամը որ այնչափ մեծ գաղափար մը ունի իմ ճարտարությանս վրա, ի՞նչ պատասխանե ամենուն երբ այս դատը կորսնցուցած ետ դառնամ, մինչև այս վայրկյանը ինձմով լեցված այդ պարծուկ, անծալք ու անձնվեր սի՞րտն ալ կոտրած ու պարպած պիտի վերադառնամ ուրեմն, ես որ իր անձուկ մտքին մեջ քաջարվեստ փաստաբանի մը անհպելի արձանն եմ, պիտի ցո՞ւյց տամ իմ կավակերտ շինվածքիս բոլոր տկարությունները ու բոլոր փշրանքները։

Անդիմադրելի մարմաջ մը կ՚զգամ անշշուկ ետ դառնալու, աղմկալից ամոթահարութենե մը խուսափելու համար։ Շոգեկառքը կը կենա։ Իզմիտ ենք ահա. դռնակս կը բացվի, ոստիկանության պաշտոնյա մը, որ ինծի կ՚սպասե քարափին վրա, պայուսակս կ՚առնե կը տանի, մինչդեռ ես սրտադողիս մեջ կը վարանիմ իրեն հետևելու, կը կանչեն զիս. կարելի չէ՛ որ ետ դառնամ։ Հարյուրապետն է որ դիմավորելու կու գա այս անգամ, հարյուրապետը որ իր տասնապետը փրկելու համար ջանք չի խնայեր։