Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/49

Այս էջը սրբագրված է

Բ.

Բանտը ուր կ՚երթամ ուղղակի իմ պաշտպանյալս տեսնելու համար, կառավարության շենքին դրան աջ կողմի մասն է:

Գալուստս իմացված է ամեն կողմ. հայեր, չերքեզներ անցած ճամփուս վրա ուշադիր կը դիտեն զիս, չոճուխ մը որ փրկություն բերել կը խոստանա Իզմիտի մեծագույն ոճրագործին։

Գլուխներր կ՚երերան, չեն հավտար, նորեն կը հարցնեն իրարու.

Ապուքա՞թ:

Բանտին դրան մեջ աղմուկը կը մեծնա. բոլոր բանտարկյալները մեկեն տեսնել կը փափագին Պոլսեն եկող փաստաբանը. կը պնդեն, կը պահանջեն։ Տեղի կուտամ անձիս համար ցույց տրված այս հետաքրքրության. ներս կը մտնեմ։ Թավարծի ձորձեր հագած մարդիկ, ամեն տարիքե ու ամեն հասակե, զիս կը դիտեն, ճանչցողի աչքով, ոտքես մինչև գլուխս, և գոհ կը մնան տեսքես, չեմ գիտեր ինչո՛ւ։ Համակրությունը կը շահիմ այս մարդոց, ու հարցումները կը տեղան չորս կողմեն: Ամեն ոք իր ցավը և տերտը կը բերե, ամբողջ հավաքածո մը, ցուցահանդես մը ուր պատժական Օրինագիրքը կենդանի պատկերներով կը դասախոսվի: Հասածիս չափ կը պատասխանեմ, կը հուսադրեմ։ Բայց իմ մարդս չեմ տեսներ դեռ. կ՚երևա որ ոտքի շղթան քակելու զբաղած են և այս պատճառով կ՚ուշանա։ Նորեն կը պոռան իր անունը զոր բանտին խուլ արձագանքը կը կրկնե, կ՚երկարացնե, կ՚երկարացնե.

— Քրանտյո՜ւք... Քրանտյո՜ւք...։

Քովիններս կը ժպտին իմ ապշությանս վրա և կը բացատրեն