Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/50

Այս էջը սրբագրված է

թե այս տարօրինակ անունը չերքեզի պարզ անուն մըն է, անոնցմե զորս շուրջս կը լսեմ ամեն վայրկյան հորմեհետե Իզմիտ ոտք կոխած եմ:

Վերջապես Քրանտյուք կ՚երևա, ա՞յս մարդը, իրա՞վ, ո՜րքան հեռու այն արհավրալից դեմքեն զոր իմ երևակայությանս մեջ գծեր էի առաջուց. այս փոքրիկ նիհար դալկադեմ մա՞րդը որ կնոջ մը ոտքերը, ձեռքերը ունի և անգլիացի աղջկան մը կապույտ աչքերը. լայն ուսեր որոնք կը նեղանան իջնելով մեջքին զոր բարակ կաշիե գոտի մը կը սեղմե. զինվորական համազգեստը չի կրեր. նայվածքը անուշ ու տխուր է. դեմքը պատող հյուծախտավորի դալուկը տեսնելով, կուրծքեն բխող չոր հազը լսելով որ իր ամեն մեկ բառը կ՚ընդհատե, Քոխ վայրկյան մը չպիտի վարաներ իր ներարկումը ընելու համար այս ազնվական հիվանդին փափուկ մորթին մեջ:

Կը բացատրե ինծի իր գործած կրկին մարդասպանությունը՝ ճակատագրին հավատացողի մը համակերպությամբ։

— Այս է եղեր աստուծո կամքը։

Նորեն կը դիտես ձեռքը, հիանալու համար մատերուն նրբության, անոնց տոհմիկ երկարության վրա, չկարենալով երբեք հավտալ որ այդ մատերեն ելլե երկու մահ միանգամայն:

Քրանտյուք մեղմությամբ կը շարունակե իր խաստովանությունը, հիմա որ բանտին վերատեսչին սենյակին մեջ առանձին ենք:

— Նյուշ ավազակ մըն էր, կ՚ըսե ինծի։

— Շատ լավ, բայց մյո՞ւսը։

— Մյուսը սխալմամբ էր. ես զինքը սպաննելու դիտավորություն չունեի, ճակատագի՜րը...։

— Ինչե՞ն հայտնի էր որ Նյուշ ավազակ մըն էր. և հետո, դուն զայն ձերբակալելու պաշտոն ունեիր և ոչ սպաննելու։

Քրանտյուք առարկությանս չի պատասխաներ նախ. վերջը հարցում մը կ՚ուղղե ինծի.

— Ի՞նչ պիտի ընեն զիս։

— Չեմ գիտեր։

— Պիտի կախե՞ն։

— Ո՛չ, ո՛չ։