Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/51

Այս էջը սրբագրված է

— Թիապարտությա՞ն պիտի դապարտվիմ:

— Գուցե:

— Ճեյրա՞նը ի՛նչ պիտի ըլլա:

— Ո՞վ է Ճեյրանը:

— Նյուշին կինը:

— Քեզի՞ ի՛նչ ուրիշին կինը:

Երեսս կը նայի զարմացած, չկրնալով մտքին մեջ սղմեցնել իմ հանդիմանությանս անպատեհ խստությունը, կարծելով որ իմ հանդիմանությանս անպատեհ խստությունը, կարծելով որ իր հարցման կարևորությունը չեմ ըմբռնած թերևս: Եվ երկու ժամ տևող մեր խոսակցությոան մեջ այս հարցումը կու գա տարբեր ձևերով: Մտերմություննիս կ՚ավելանա երթալով, և այն մութ սենյակին մեջ ուր ատեն ատեն իր տժգունած հիվանդի ու ջղային մարդու երեսը կը կենդանանա, կը գունավորի, կը լսեմ իր ողորմելի կյանքին բոլոր պատմությունը: Սերը՝ լեռներու վայրենության ու սրբության մեջ. հուժկու ու կատաղի կիրքը՝ քաղքին ռամիկ, տափակ ու կանացի ցանկություններուն հանդեպ, հողի այն ահագին զանգվածներուն ու կույտերուն պես. որոնք իրենց արհամարհանքին կ՚ընկճեն, կը ճնշեն:


Գ.


Քրանտյուք Տաղստանցի մըն էր Նյուշին պես: Քով քովի մեծցեր էին լեռներու կողերուն վրա վազվռտելով շարունակ. բայց չափահասության տարիքին՝ մահացու թշնամիներ դարձեր էին հանկարծ իրարու դեմ, աղջկան մը սիրուն համար:

Հետո գաղթականությունը սկսեր էր դեպի Թուրքիա, անհատնում աղետներով լեցուն ուղևորությունը, ուղխինահոս գետի մը հորձանքին պես իր ջուրերուն հետ թավալելով, քշելով, տանելով ամբողջ ազգի մը բեկորները, արմատախիլ անտառի մը բոլոր ծառերը՝ ոստերը ու ճյուղերը միասին:

Հոս, Իզմիտի շրջակայքը նետեր էր հոսանքը զիրենք օսմանյան հողին վրա որ հոժարակամ կ՚որդեգրե այս վտարանգի ցեղերը: Բայց հայրենի երդիքին հիշատակը, լեռնային ու