Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/52

Այս էջը սրբագրված է

վայրենի կյանքի վարժությունը չի կրնար ի բաց թողվիլ վայրկյանի մը մեջ։ Եթե շատեր ընդունեցան պաշտպանությունը կառավարության որ նախախնամության մը պես կը հոգար զիրենք, գտնվեցան նաև ոմանք որ վայրի անասուններու պես իրենց թափառական ու անհանդարտ գոյությունը պահեցին, ասպատակներ դարձան, իրենց արյունալի շահատակությանց արձագանքովը լեցնելով այդ կողմերը։ Նյուշ ատոնց պարագլուխներեն մեկն էր. իր անունն ու սարսափը կը ծանրանար Սափանճայի ամբողջ գավառակին վրա։

Քրանտյուք անդին զինվոր կը գրվեր ու ոստիկանական անձնվեր ծառայության մեջ տասնապետ կ՚ըլլար։ Իրեն կ՚իյնային միշտ ամենեն վտանգավոր ձեռնարկությունները, ավազակները ձերբակալելով դատարաններուն հանձնելու գործը։

Խուլ պայքար մը կար այս երկու մարդոց միջև, տասնապետին ու ավազակին, ատեն մը եղբոր չափ սիրով, հիմա մահու ատելությամբ զինված։ Այս փոսը որ կը բաժներ զիրենք, հիմա անհատակ վիհ մը՝ որ իրենց ոտքերուն տակ կը բացվեր, կնոջ մը գործ էր. ամբողջ տարիներ նախանձով, հուսահատ սիրով պեղված անդունդ զոր այս երկուքեն մեկուն դիակը միայն կրնար գոցել այսուհետև, անել կացություն մը որ ճակատագրային, անխուսափելի բան մը ունի և որուն երկաթե շրջանակեն մարդ ողջ չելլեր դուրս։

Երկուստեք հնարքն ու քաջությունը կ՚ելլեին մրցումի, գիշերներ լուսցնելով, սպասելով հրացանը ձեռվընին, իրարու ճամփուն վրա, թավուտի մը ետին պահվըտած, երկուքն ալ գիտնալով իրենց փոխադարձ ոխն ու քենը, լուր ղրկելով իրարու թե առջի հանդիպումին պիտի սպաննեն զիրար, սպառնալիքներ նետելով իրարու, մինչև որ կապարի գնդակներ փոխանակեին։

Եվ կռիվը կը շարունակեր ապարդյուն, հուսահատեցուցիչ, ավելի ևս գրգռելով իրենց պրկված ջիղերը, անընդհատ արշավանքին բոլոր հոգնությունովը ծանրացնելով — եթե տեղ կար դեռ — իրենց նախնական հակառակությունը, և մտքի ցասմնակոծ հալածում մը, պաշարում մը դարձնելով իրենց համար փոխադարձ մահու այս անդուլ, անշշուկ սպառնալիքը