Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/53

Այս էջը սրբագրված է

Դ.

Իզմիտի եղեռնադատ ատյա՞նը։

Ատյան թող ըլլա, թե որ այս բառը աղեկ կը հնչե: Բայց իրոք պզտիկ սենյակ մը, մեր տուներուն պարկեշտ սենյակներեն մեկը, ուր դատական մարմինը կը բազմի աթոռներու վրա և որուն դեմ, տեղին անձկության մեջ, ամբաստանող և ամբաստանյալ, վկա և ունկնդիր իրարու քով էլը շարվին։

Դատավարության ժամանակ չլսված անուններ ու լեզուներ կը լսվին. Տաղստանի գավառաբարբառները զորս կը թարգմանեն և որոնց հառաջ բերած շփոթություններեն, հակասություններեն կը ջանամ օգտվիլ:

Հարցաքննութենեն վերջը ոճիրին պարագաները կը ճշտվին ամբաստանագրին մեջ, դատական լեզվին հակիրճ ու անզգա պարբերություններովը:

Սափանճայի ոստիկանությունը կանխապես կ՚իմանա Նյուշի այն գիշեր իր գյուղը դառնալը։ Քրանտյուք քանի մը հեծյալ ոստիկաններով առտվան դեմ կը հասնի, կը պաշարե ավազակին ապաստանած խրճիթը։ Գաղթականներուն գյուղը հրացանի ձայնով կ՚արթննա. սխալմամբ մեկը կը զարնվի և այս շփոթության մեջ ավազակը պատուհանեն կը ցատկե, կը փախչի: Կը հալածեն Նյուշը, Քրանտյուք կը հաջողի մոտենալ անոր անտառին մեջ ու կ՚սպաննե զայն։

Այս ընթերցանությունը, չերքեզներուն ձայները պզտիկ սենյակը մահահոտ բուրումով մը կը լեցնեն, և ես կ՚երևակայեմ անտառը որ չի կրնար փախստական զավկին ապաստան ընծայել այս անգամ. երկու ոսոխներուն մենամարտը, այն՝ որուն համառ ժամադիրները եղած էին. մութին մեջ կռիվ մը. Կովկասեն մինչև Իզմիտ երկարող արկածներուն, շարունակելի հոգվածներուն վերջին բառը. տասը տարվան անցյալ մը որ մեկ երկվայրկյանով մը կը կտրի կը դադրի. կիրքերու հոծություն մը որ կաթիլ մը արյան մեջ կը լուծվի կը հալի, մրցումներու գռեհիկ վախճանը, քաղաքակրթության մեջը կամ դուրսը, երկուքին մեկի վերածումը։