Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/54

Այս էջը սրբագրված է

Եվ համոզմամբ, խղճի մտոք ահա կը ձեռնարկեմ պաշտպանությանս դժվարին գործին, և, այս է մտքի մը զարմանալի հեղափոխությունը, որ վստահորեն կը խոսիմ հիմա և ամբաստանյալին արձակվիլը կը պահանջեմ։ Ավազակին սպաննությունը՝ ընկերության համար այնքան դառն կորուստ մը չէ, և վերջապես դժբախտ տասնապետը լուրջ ընդդիմության մը դեմ զենք գործածելու հարկադրված էր անշուշտ։ Այս պահուս ինքը պիտի ըլլար սպանյալը եթե չսպաններ։ Եվ ատյանին բարյացակամ տրամադրությունները տեսնելով կը քաջալերվիմ, ու ոստիկանին անշուք ու անշշուկ կյանքը կը պատմեմ անոնց. անփառունակ զինվորական որ պատերազմի դաշտը ու անոր պատիվը չի տեսներ, բայց կը տեսնե ամեն ժամ մահու վտանգը, որ գիշեր չունի, հանգիստ չունի, գոյություն չունի իրեն հատուկ, և որ ամեն զրկումի վրա կու գա հոս՝ ոտքը ձեռքը շղթայակապ՝ համար տալու իր դժնդակ պաշտոնին։ Կ՚զգամ որ ամբաստանությունը կը տկարանա, ջուրը կ՚իյնա։ Սխալմամբ ի գործ դրված մյուս սպանության ամբաստանությունը ձեռք կ՚առնեմ և կը հայտարարեմ որ տասնապետին ութամսյա բանտարկությունը կը քավե այդ հանցանքը։

Ե.

Դուրսն ենք. ես, մյուսը, ամենքս։ Ներսը կը խորհրդակցին, կը վիճին, թեր ու դեմ կարծիքներ կու տան։ Քրանտյուքի գլուխը վիզին վրա կ՚երերա, աջ ու ահյակ կը ծռի. պիտի փրթի՞ արդյոք, երեսս կը նայի դատապարտված ոչխարի մը նայվածքին քաղցրությամբը. այդ նայվածքը հարցումներ ունի, որոնց չեմ կարող պատասխանել, ես ալ տասնապետը գողացնող հուզումներուն մասնակից եմ, հոս այս անկյունը քաշված, ու սրտատրոփ կ՚սպասեմ։

Կես ժամ. ոչինչ դեռ. ներսը ձայներ կը բարձրանան ու զիս սարսափով կը համակեն։ Կ՚աղաչեմ, մի ընեք, որի՞ հետ կը խոսիմ։