Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/55

Այս էջը սրբագրված է

Ժամ մը, ու կը շարունակեն խորհրդակցիլ. ձայները կը մեղմանան, չեն լսվիր ա՛լ, համաձայնած են. ինչի՞ վրա արդյոք։

Ու հանկարծ զանգակին ձայնը, սուր, ուժգին, սարսափելի հնչյուն մը, որ շունչս կը կտրե մեկեն․ տասնապետին տժգույն դեմքը կը կարմրի, ամենքը սենյակեն ներս կը խուժեն ինծմե առաջ, անհամբեր, ա՛լ չհանդուրժելով սպասել։

Ես ալ կը մտնեմ վերջապես։ Չնստած դեռ իր աթոռին վրա՝ նախագահը կը վարանի․ ամբաստանյալին ներկայությունը կը ստուգե. գեշ նշան։

Եվ դատավճիռը կը կարդա, համառոտ գիր մը, չորս տող, որ կյանք կամ մահ կը բերե հետը։ Առջի պարբերություններ դեռ բան չեմ հասկնար. գլուխս դեպի առաջ՝ բառերը ավելի շուտ լսելու հիմարական ջանքեր կ՚ընեմ, շո՛ւտ, ավելի շուտ, եզրակացո՛ւր։

Անձնապաշտպանությո՜ւն։ Փրկվա՛ծ ենք։

Բանտ կը դառնանք նորեն, ցնծության աղաղակներու, ողջագուրումներու մեջ։ Քրանտյուք չի խոսիր, ձեռքս կը բռնե կուլա ու սենյակին պատեն վար առնելով չերքեզի դաշույն մը, ինծի կը նվիրե զայն։

Ի՜նչ ընեմ ես այդ դաշույնը։ Քրանտյուքի բազմավեպ կյանքին անբաժան ընկերը, հո՛ս, տան մը, սրահի մը կահ կարասիներուն մեջ՝ անվնաս զարդ մը, խաղալիք մը պիտի ըլլա այսուհետև։ Իր դաշույնի կյանքը վերջացած է. կիները ձեռվընին պիտի առնեն զայն երբեմն, չհասկնալով անոր լեզվեն, չըմբռնելով՝ իրենց աղկաղկ ու աշխարհիկ կիրքերուն անզորությանը մեջ՝ այս երկաթի կտորին՝ սիրո հետ ունեցած մշտնջենական խնամությունը և չտեսնելով այդ անզգա գործիքին մեջ՝ սուրբ ու վայրենի տոչորումներու նախանձոտ պահապանը։

‹1892›