Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/56

Այս էջը սրբագրված է

ԹԵՖԱՐԻԿ

Ա.

Արսլան Պեկեն,— Իզմիտի շրջակա լեռներուն մեջ կորսված գյուղե մը,— եկավ մեր տունը գյուղացիի շալվարով, մազերը ժողված, առանց թել մը դուրս ձգելու, սև յազմաին տակ. տգեղ երևալու, հրապույր չազդելու հաստատ ու բարբարոս կամք մը։

Գլխեն մինչև ոտքը զինքը ծածկող սևերուն մեջ՝ դեմքը, ճերմկոտիկ ավշային անարյուն կազմվածքի դեմք մը, վատառողջ սպիտակություն մը, ձյունի մաքուր ցոլացում մը ուներ, ցուրտ ու պաղ։

Աշխարհիկ արդուզարդե ու վայելչութենե այս խուսափումին մեջ,— իր նոր մեռած էրկանը հիշատակին նվիրված անձնազոհություն մը,— այս երիտասարդ կինը սփոփանք մը, գոհացում մը կը գտներ, և ասով՝ ինքնիրենը անդրաշխարհային կապ մը կը հորիներ, կը ձևացներ, գերեզմանեն անդին կեցող մեկու մը, բացակա, աներևույթ էակի մը հետ, դեռևս անոր հաճելի ըլլալու, անոր նախանձոտ կամքին հպատակելու տարտամ դիտավորությամբ։ Իր հագուստին այս կամավոր անշնորհքությունը տեսակ մը պչրանք կ՚ըլլար՝