Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/57

Այս էջը սրբագրված է

պահվըտած տեղեն զինքը դիտող ամուսնին հանդեպ, իբրև թե երիտասարդ այրին ըսել ուզեր անոր.

— Քեզի համար միայն փափագած եմ գեղեցիկ ըլլալ և ոչ ուրիշի:

Տանը մեջ՝ իր սպասուհվո պարտականությանը մեջ ամփոփված կին մըն էր, սակավախոս, միավանկ բառերով միայն պատասխանելով մեզի, երբ պատասխան տալը անհրաժեշտ դառնար։

Չէր խնդար, չէր ծիծաղեր, ու գիշերը ճաշեն վերջը իսկույն կ՚առանձնանար իր խուցը մերկ, անզարդ, խստակյաց ճգնավորի մենաստանին պես, ու հոն կը նստեր ժամերով, ժամերով, գյուղը ձգած զավկին համար հյուսելով անհատնում գուլպաներու զույգեր։

Բ.

Օրն ի բուն կ՚աշխատեր, իր գործին հետամուտ, շալվարին ծալքերուն մեջ ճարպիկությամբ դառնալով, ավլելու, մաքրելու, սրբելու հատկացված գործունեությամբ մը, խնամոտ ու հոգածու, բազմոցին վրա թել մը, հայելիին վրա փոշի մը ձգելու չափ:

Իր բոլոր ջանքին հակառակ, իմ սենյակս միայն չկրցավ կարգի կանոնի բերել, օրը տասն անգամ կը շտկեր ու տասն անգամ կ՚ավրշտկեի իր բոլոր տանտիկին խնամքին արդյունքը. զգեստներս հոս կը նետեի ու ճերմակեղեններս հոն, դիրքերս ցիրուցան բազմոցին վրա կամ գետինը անկյուն մը ձգված, և այս բոլորը հարյուր անգամ իր տեղը կը դրվեր, ժամ մը վերջը առջի վիճակին վերադառնալու համար, Մրցում մը կար կարծես իր անսպառ հոգածությանը ու իմ անկարգությանս մեջ: Չէր գանգատեր, եթե երբեք իր լռիկ մնջիկ աշխատության անօգուտ բազմապատկությունը գանգատ մը չէր ինքնին իմ տված նեղությանս համար, ո՛չ, չէ՛ր գանգատեր. ընդհակառակը, ա՛լ ավելի կը համառեր հիմա, իր համբերատարությամբը ամչցնելով զիս, և ներողամտության