Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/62

Այս էջը սրբագրված է

է.

Այս արդուզարդի պերճանքը ու խռովիչ ձգտումները բոլոր ինծի համար էին. իր սրտի հին վերքերը սպիացած կը թվեին հիմա բոլորովին ինձմով լեցուն այդ հոգվույն մեջ։
Իր սերը դողահար և շիկնոտ բան մըն էր, անձնուրացում մը ամբողջ, կատարյալ․ անձնուրացում մը որ չի բարբառիր ու քեզի համար ըրած զոհողությունները երեսիդ չի զարներ ապերախտությունդ ցույց տալու համար. ո'չ, գրեթե գաղտնի ու ծածուկ զգացում մը որ իր սաստկությանը համար կ՚ամչնա, կը պահվտի, երկրաշարժ մը որ հրաբուխի բոլոր սաստկությունը ունի առանց անոր աղմկալից ու բոցավառ արտահայտությունները ունենալու։
Բան մը չէր պահանջեր իր սիրույն փոխարեն, ոչ իսկ իմ սերս․ իր բոլոր ուզածը թույլտվություն մըն էր հավիտյան զիս շրջապատելու իր անհուն խանդաղատանքովը, հսկելու վրաս, թող չտալով որ հիվանդանամ, իր խնամքներեն շինված տեսակ մը խանձարուրի մեջ ամփոփելով իմ բոլոր կյանքս ու շարժումներս, որպեսզի ցավ մը կամ վիշտ մը չունենամ երբեք։
Այսպես ամիս մը տևեց․ գետինը կը նստեր միշտ ծունկիս վրա թափելով իր սև մաղերը, ածուխի կոտրտուքի պես փայլուն, ու ձեռքերուս գգվանքին տակ կը հպարտանար, կ՚ուռեր, փայփայանքե ախորժող կատվի մը պես։
Հետո ձանձրացա — քսան տարու էի այն ատեն ու անկեղծ սիրո մը հարգը չէի գիտեր — այս հովվերգութենեն.