Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/65

Այս էջը սրբագրված է

իր զոհողություններուն մեծությամբը, առնելիքվոր մը որ քաղցր խոսքի մը փոխարեն իր բոլոր պահանջը ներելու հոժար ու պատրաստ է։

Երբեք չխոսեցավ հետս այն օրվան դեպքին վրա զոր բոլորովին մոռցած էր կարծես. բայց իր տկարությունը կ՚երկարեր ու չէր վերադառնար առջի ուժը։ Հյուծում մը կար որ կ՚սպառեր զինքը մեղմիվ, տակավ առ տակավ, ու բժիշկը գլուխը կ՚երերցներ, չարագուշակ նշան, առաջուց գիտցված, գուշակված աղետի մը ներկա գտնվելու ձևով․ թոքատապեն վերջի անխուսափելի ցավն էր այս նորեկ հիվանդությունը որ անընդհատ ջերմով ու բարակ քրտինքով մը կ՚սկսի:

Թ.

Մեռավ իր գյուղին մեջ ուր ղրկեցինք զինքը բժշկին պատվերին համաձայն. մեռավ անհուն խղճի խայթ մը թողլով սրտիս որ ահավասիկ տասը տարի վերջը կը թելադրե վարանող գրիչս, ու իմ կամքիս հակառակ առաջ կը մղե զայն գրով պահելու անշահասեր, աննման սիրո մը դեմ ցուցված ապերախտությանս հիշատակը։

Ու կը խորհիմ որ կյանքը լեցուն է այս կերպ աղետներով. իրար չհասկնալե առաջ եկած ցավեր որ անդարմանելի կ՚ըլլան․ անսպառ գորովներ հո՛ս հո՛ն թափված, անօգուտ ու ավելորդ դատվելով, և փճացնելով սերը զոր պետք էին ամուր ու տևական դարձնել. նպատակեն շեղած սպառումներ, իրարու չհամապատասխանող երթևեկ մը վատնվին ու խղճի տառապանքներով լեցուն հիշատակներ կը թողուն միայն։

‹1892›