Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/68

Այս էջը սրբագրված է

Հակառակն էր ներսը ու երկու տարվան մեջ զիրենք այրող հուրը ճշմարիտ ավրումներ գործեր էր էրկանը վիճակին վրա. օդափոխութենե՝ եթե ոչ բժշկություն' գեթ բարվոքում մը կ՚ակնկալեին։ Ու հիվանդապահի մը պես կ՚ընկերանար ահա իր ամուսնին, ամբողջ խնամքի, գուրգուրանքի մթնոլորտի մը մեջ պահելով զայն, ճիշտ ինչպես կանխահաս ծնունդով աշխարհ եկող երեխաները՝ արհեստական գաղջ մթնոլորտի մը մեջ կը մեծցնեն։

Բայդ փոքրիկ բարելավություն մը ամեն խոհեմություն մոռցրնել կու տար իրենց ու նորեն անուղղա շռայլի մը վարժությամբ կը վատնեին այս չնչին դրամագլուխը։ Հետո, զրղջումը կու գար և հիվանդը վերստին կազդուրելու անդուլ աշխատությունը։
Աղեկ բարեկամ եղանք ամուսնին հետ ու շատ հեղ կ՚երթայի իրենց տունը զոր Փլադանայի կողմը ընտրած էին, հյուսիսեն փախչելով։ Պատուհանին քով իր լայն թիկնաթոռին մեջ ընկողմանած հիվանդին աչքը դուրսն էր. ի՞նչ կը խորհեր արդյոք․ կնոջը երեսը չնայելու տարտամ դիտավորություն մը կը գուշակեի. դժգո՞հ էր անկե․ անոր վրդովիչ ներկայությամբը՝ չէ՞ր նմաներ քիչ մը այն սնանկ խաղամոլին որ ձեռքը գրպանը կը դեգերի հիմա, ուրիշներուն ձգելով սեղանը որուն ատենով բախտավոր գահերեցն էր։
Այո՛, ուրիշներուն պիտի թողուր այս կինը, իր սպառիչ հրապույրներովը որ հիմա տարտամ կերպով մը կը հիշեցներ ինծի այն հոյակապ ապարանքներեն մեկը որուն տերը մեկնելու հարկադրված՝ կանխահոգ հեռատեսությամբ ինքը մեջը եղած ատենեն պիտակ մը փակցնե սա բառերով.
                            ԾԱԽՈՒ ՏՈՒՆ
                               Գ.
իր բազմաթիվ սիրողնհրուն մեջ ամենեն վեհերոտը ես էի․ համարձակները կային, ձեռներեցները, քծնողները, պահանջողները, ամբողջ հավաքածո մը, տեսակ մը սիրահարներու։