Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/7

Այս էջը սրբագրված է

ԱՌԱՋԱԲԱՆ

Գիտությունը ու արվեստը ամեն վայրկյան կը նորոգեն ու կը վերաշինեն այս աշխարհը:
Գրիգոր Զոհրապ

Գրիգոր Զոհրապը հայ գրականության անմահ փառքերից է, մեր ժողովրդի ամենասիրած գրողներից մեկը։

Հայ ժողովուրդը սիրել ու գնահատել է Զոհրապին ոչ միայն իբրև գրողի, իբրև հայ նորավեպի (նովել) անզուգական վարպետի։ Զոհրապը եղել է նաև իր տառապող ժողովրդի գոյությանը ապահովելու համար պայքարող համարձակ ու պատկառազդու հասարակական-քաղաքական գործիչ, ականավոր իրավաբան և իրավագետ, մեծ հռետոր, ճանաչված հրապարակագիր ու քննադատ:

Շնորհիվ բնական բազմակողմանի օժտվածության և փայլուն իմացականության, Զոհրապը, իր գործունեության այս բոլոր մարզերում անխտիր, հանդիսացավ առաջնակարգ դեմք՝ արժանանալով նույնիսկ թշնամիների հիացմունքին ու գնահատությանը։

Այսպես են իրական մեծությունները։

Իր անվան շուրջ ստեղծված հմայքի ամենախոշոր բաժինը Զոհրապը նվաճեց, իհարկե, իբրև մեծ արվեստագետ, առաջադեմ հայացքներով և պայքարի ոգով օժտված, գեղեցկության ու քերթության գանձեր ունեցող բացառիկ ինքնատիպ արվեստագետ, որն իր ասելիքն ուներ աշխարհին և ասելու իր կերպը։ Հանդիսանալով գրական մի ամբողջ հոսանքի 80-ական թվականների ռեալիստական շարժման ամենախոշոր արվեստագետը և տեսարաններից մեկը, Զոհրապը թե՛ իր ստեղծագործությամբ, թե՛ իր գեղագիտական հայացքներով ազդեց արևմտահայ գրականության զարգացման ընթացքի վրա:

Իր կյանքի մեծագույն մասը Զոհրապը ապրեց սուլթան Համիդի բռնակալ