Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/72

Այս էջը սրբագրված է

մոռցած եմ զինքը. բայց ան՝ իր ներկայությունը Հիշեցնել կու տա ինծի. ձեռքս կը բռնե նորեն, ճիշտ ինչպես ամիսներ առաջ կեցուցած էր զիս մեկնելու ժամուս։ Կը տեսնեմ որ աչքերը անսովոր փայլով մը կը ցոլան, մութի մեջ կատվի աչքերու վառելուն պես, դեղնորակ լույսով մը։

Իր քովը կը նստեցնե զիս բռնի, ու ակնարկություն մը ընելով իմ առջի թախանձքներուս․
— Հիմա՛, կ՚ըսե հանկարծ,
Եվ այս սենյակին մեջ կը բացատրե ինծի, իրավագետի մը պես փաստերով զինված, իր կյանքի ըմբռնումը ու պարտավորության գաղափարը։
Էրկանը հավատարիմ եղած էր ցորչափ կենդանի էր անիկա. մազի չափ չէր թերացած իր անձնվիրության ու պարտքին մեջ։ Ի՞նչ պետք թերանալու. չէ՞ր կրնար համբերել․ անոր կյանքը՝ յուղը հատած պատրույգի մը պես՝ վայրկյանե վայրկյան շիջելու վրա էր. կրնա՞ր այնքան անսիրտ ըլլալ որ անոր մարելուն չսպասելու չափ անհամբերություն ցույց տար․ ո՛չ․ անոր համար վերջը ըսած էր միշտ։
Ու ահա ասանկ կը մեկներ իր պարտականությունները, թվաբանական հաշիվ մը լուծելու պես։
Տրամաբանություն կար իր խոսքերուն մեջ, բայց սիրտ չկար ու չեմ գիտեր ինչո՞ւ պարզապես ահարկու ու ռամիկ թվեցավ ինծի այս ըմբռնումը՝ որ ապաքեն բոլոր աշխարհի մարդոց սովորական ըմբռնումն է։
Լավագույն սեպեցի անոնք որ առանց հաշիվի կը թերանան, քան թե անոնք որ Սառային պես, հաշիվներու շնորհիվ, անթերի կը հանդիսանան մեր աչքին։
Քովիկնիս երկնցող այս դիակին մոտ այս դավանությունը վրդովեց, սարսափեցուց զիս։ Խղճիս ձայնը արթնցավ անժամանակ խոսող աքաղաղի մը պես, ու մերժեցի զինքը։