Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/73

Այս էջը սրբագրված է

Զարհուրելի կերպով շպարված ըլլալուն հակառակ՝ իր տասնյոթը տարու աղջկան շնորհը տակավին երեսին վրա էր։ Իր ծարուրած աչքերը մռայլ ցոլացումով մը կը փայլեին, այնպես որ ակնարկը զքեզ շոշափելուն՝ Թավիշի կակուղ հպումին տպավորությունը կը ձգեր մարմնիդ վրա։ Մազերը առատ ու շքեղ, դեղինի ներկված, ո՛վ գիտե՝ ատեն չունենալուն կամ ուրիշ պատճառով մը՝ հարդարված չէին։ Արձակված թափված այսպես ուսին վրա՝ կարծես անոնց ծանրությամբ էր որ գլուխը դեպի ետ կը ծռեր քիչ մը։

Հոռի ճաշակով պոռչտող բան մըն էր արդուզարդը, կապույտ դիպակե փեշ մը, կարմիր մետաքսե վերիդիով մր ամբողջացած. ծանրագին կերպասներու սեր որ իր զրկված արարածի միամիտ վրիժառությունն էր տիկիններու դեմ։
Պարարտ ու շնորհալի կազմը այս կնոջ՝ անպատկառ կերպով հոլանի կուրծքեն, շարունակ վար սահող սև գուլպաները շտկելու, տեղը բերելու համար ըրած հարատև ջանքեն կը հայտնվեր։ Ինքն ալ ցանկահարույց կեցվածքի մը հրապույրները կ՚ավելցներ անոր վրա, գիտակից ու ջանադիր լրբությամբ մը։