Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/74

Այս էջը սրբագրված է

Ր

Չորրորդ հարկի խցիկին կեսը կը գրավեր իր անկողինը, լայն, խորունկ ու ընդարձակ, որ իր սավաններուն երկբայելի ճերմկությամբը՝ մտածել կու տար հոն առաջնորդվողը։ Այդ անկողնին վրա նետած նայվածքևս գուշակելով իմ վարանքս՝ կը համոզեր զիս, վեր առնելով, մեկիկ մեկիկ ցուցնելով վերմակը բարձին երեսը դեռ նոր լվացված, կ՚ըսեր ինծի, լեզու թափելով ապրանքը քշել ուզող վաճառականի մը պես։ Ու բռնի նստեցնելով զիս անկյունին պզտիկ սետիրին վրա, խնդալով տղու մը պես, գրկելով գլուխս, կ՚ավելցներ.
— Պագնեմ քեզի անգամ մը։
Նախահարձակը ինքը կ՝ըլլար, պզտիկ ձգելով իմ պատանի մարդու նոր սկսող հավակնություններս։
Վարժ աղջիկ մըն էր որ իմ անփորձ տղու վեհերոտությունս փարատել կը ջանար իր գգվանքներուն համոզիչ ու շքեղ փաստերը մեջտեղ նետելով։
Իր մարմնին բուրումը չեմ գիտեր ինչ լլկող ու անուշ հոտ մը՝ մատուցումը կը շեշտեր։
Այս տանը մեջ, կ՚ըսեր ինծի, ամենեն պզտիկը ես եմ․ զատկին տասնըյոթս պիտի լմնցնեմ։
ճիշտ քովս նստած էր, կատվի մը պես պզտիկնալով, գրեթե սեղմվելով կուրծքիս վրա։ Հինգ վայրկյանի մեջ արդեն մտերմացած հետս՝ կը հարցափորձեր զիս. ով ըլլալս հասկնալ կ՚ուզեր։
Եվ առանց սպասելու որ իմ պատմությունս ընեմ ինքը՝ իրենը կը զրուցեր ինծի, հինգ բառով պատմվելիք սովորական ու խավարային պատմությունը իրենպեսներուն։
— Երկու տարի առաջ մայրիկս մեռավ,— այս «իկս»֊ին մեջ անհուն գորովանք մը ու թախիծ մը կա.— հայրս չեմ ճանչնար. ինե երկու տարու պզտիկ քույր մը ու ավելի պզտիկ եղբայր մը ունիմ. մեյ մըն ալ մեծ մայր մը ունիմ. ասոնք են իմ բոլոր ազգականներս, քույրս ու եղբայրս դպրոց դրած եմ․ ամենքը ես կը պահեմ։