Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/8

Այս էջը սրբագրված է

ռեժիմի պայմաններում, երբ քաղաքական խավարը ծանր մղձավանջի պես կախվել էր ամբողջ երկրի վրա՝ չթողնելով տեղ լույսի ոչ մի շիթի համար: 1908 թվականին այդ թեոկրատիկ միապետությունը զարդարվեց «սահմանադրական» փողկապով, բայց նրա էությունը ավելի վատացավ. նա դարձավ իթթիհատական բորենիների գերմանապետություն՝ թեև պճնված «ազատության, հավասարության, եղբայրության»( ի՜նչ դառն հեգնանք) ցուցանակով: Այդպիսի պայմաներում, մանավանդ հայ ժողովրդին հոգեպես, տնտեսապես և ֆիզիկապես ոչնչացնելու ծրագրված գործունեության իրադարություն, որ ստեղծվեց 1878 թվականին Բեռլինի վեհաժողովից հետո, բացառիկ ուժ, բացառիկ կայունություն էր պետք ստեղծագործելու, մանավանդ պայքարելու համար: Սակայն Զոհրապը, արդարության այնքան նախանձախինդ մեծ մարդասերն ու հայրենասերը, պայքարեց իրեն մատչելի բոլոր միջոցներով՝ գեղարվեստական խոսքով և հրապարակագրությամբ, խտացնելով իր մեջ հայ ժողովուրդի պայքարի ոգին, իր գոյության ամեն իրադրության մեջ պահպանելու նրա վճռականությունն ու հաստատակամությունը:

Իր մի ատենախոսության մեջ, անդրադառնալով համիդյան կառավարության ջարդի քաղաքականությանը, Զոհրապը ասում է. «Ջարդի քաղաքականությունը սիստեմ մըն է՝ հատուկ բոլոր տկար կառավարաություններուն», սակայն, «պետք է գիտնալ որ հալածանքներուն ամենեն աղետավորները ջարդերը չեն, այլ անոնք, որոնք կուղղին մտքի և սրտի դեմ: Եվ այդ տեսակի էին 16-րդ հոդվածին հաստատումեն անմիջապես հետո հայոց դեմ սկսած հալածանքները»: Ահա այդ հալածանքների դիմագրավումը դառնում է Զոհրապի և նրա ժամանակակից ու հաջորդող սերունդի գլխավոր գործը, 80-ական թվականների գրական շարժման գործունեության հիմնական բովանդակությունը:

Այս, մեծ եռանդ և նվիրվածություն պահանջող գործունեության մեջ Զոհրապը կատարում է շատ կարևոր դեր՝ սկսած պատանեկան տարիներից մինչև իր եղերական մահը:

Գրիգոր Զոհրապը ծնվել է Պոլսում 1861 թվականի հունիսի 26-ին: Միջնակարգ կրթությունը հայկական դպրոցում ստանալուց հետո, 21 տարեկան հասակում ավարտել է Պոլսում գործող ֆրանսական երկու ուսումնական բարձրագույն հաստատություն՝ ճարտարապետի և իրավաբաի մասնագիտությամբ:

Վաղ սկսեց Զոհրապը իր հանրային (1877 թվական) և հրապարակախոսական (1878 թվական) գործունեությունը: 1883 թվականին հրատարակեց իր իրավագիտական առաջին աշխատությունը, նույն թվականից զբաղվեց փաստաբանությամբ: